Հայերեն   English   Русский  

Ստանձնելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները՝ քաջ գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը. Դիանա Գալոյան


  
դիտումներ: 122

ՀՊՏՀ-ում սկիզբ առած բարեփոխումներն այլընտրանք չունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Նա մասնավորապես գրել է.

Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ, ՀՊՏՀ-ում սկիզբ առած բարեփոխումներն այլընտրանք չունեն: Դրանք սրընթաց վերափոխվող աշխարհում մեր տեղը պահպանելու և երկրի հասարակական-տնտեսական զարգացումներում մեր առանցքային դերակատարումը ստանձնելու հրամայականն են: Համալսարանի կրթական գործընթացում որակյալ մասնագետների ներգրավման, միջազգայնացման, կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ընդլայնման, ուսանողակենտրոն կրթության արմատավորման և սկիզբ առած բարեփոխումների շարունակականության երաշխավորները մենք բոլորս ենք:

Կրթական բարեփոխումների նպատակը մեկն է. նոր դարաշրջանում դառնալ նոր որակի համալսարան և անշեղորեն իրացնել նոր աշխարհի պահանջներին համապատասխան հմտություններով օժտված մասնագետների պատրաստման և քաղաքացու կերտման մեր ստանձնած առաքելությունը: Վստահ եմ, որ այդ գործընթացում հավատարիմ կմնանք մարդկային, բարոյական և իրավական գրված ու չգրված կանոններին, և անշու´շտ կհաջողենք:

Ստանձնելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները՝ քաջ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որը կրելու եմ ուսանողների, շրջանավարտների, գործընկերների, գործատուների և ՀՊՏՀ ապագայով մտահոգված բոլոր կողմերի առջև: Հավատում եմ, որ բոլոր բարեփոխումները կիրականացնենք միասնության, համերաշխության մթնոլորտում և ջանքերի մեկտեղմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: