Հայերեն   English   Русский  

​Ամուլսարի ծրգրի շուրջ Կառավարության գործողությունները եղել են իրավիճակին և խնդրի բարդությանը համապատասխան և ենթակա են հանրային աջակցության


Խոսրով Հարությունյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 129

Դեռևս ս.թ. մարտի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան՝ Լիդիան Արմենիա ընկերության հետ կապված հայտարարության կապակցությամբ իմ ֆեյսբուքյան էջում կատարել էի մի գրառում, որում մասնավորապես արձանագրել էի հետևյալը՝

‹‹Այն որ Ամուլսարի ներդրումային ծրագիրն Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին (և առ այսօր՝ միակ) խոշորագույն մասնավոր ներդրումն է (շուրջ 400 մլն ԱՄՆ $) և Լիդիան Արմենիայի հետ կապված ‹‹էպոպեան›› իր լուրջ ազդեցությունն է թողնելու օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում, որ այս տնտեսական վեճի արդյունքները յուրատեսակ լակմուսի թղթի դեր կխաղան ՀՀ իշխանություններ- ներդրողներ փոխհարաբերություններում, կարծես թե, այլևս որևէ մեկը չի վիճարկում:

Ընդ որում, Հայաստանի իշխանությունների համար այս տնտեսական վեճում խնդիրը ոչ միայն հաղթելն է, այլ նաև (իսկ միգուցէ գլխավորապես) դրա հետ միասին իր ամենամեծ ներդրողի տնտեսական հեղինակությունն ու դեմքը պահպանելու հնարավորթյուն ստեղծելը, ինչը կնպաստի թե՛ հայաստանյան իշխանությունների վարկի բարձրացմանը և թե՛ նշյալ ներդրումային ծրագրի հետագա իրականացմանը՝ դրանից Հայաստանի տնտեսության համար բխող ուղղակի և անուղղակի դրական հետևանքներով:

Իհարկե Կառավարությունն այս նպատակը պետք է հետապնդի առանց բնապահպանական հավելյալ վտանգներ ձևավորելու: Արդյո՞ք հնարավոր է գալ լուծումների, որոնք կբավարարեին շահագրգիռ բոլոր կողմերին››:

Կրկնում եմ, այս տողերը գրվել են մի քանի ամիս առաջ և ես հիմա էլ մնում եմ իմ կարծիքին:

Այս օրերին Ամուլսարը դարձյալ դարձել է ներքաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցը: Շատերն արձանագրում են նույնիսկ անկախատեսելի զարգացումներ՝ գործող իշխանության համար ոչ բարենպաստ ելքով, եթե Վարչապետը ‹‹կանաչ լույս›› վառի այդ ծրագրի իրականացման համար:

Ընդ որում ծրագրի իրականացմանը դեմ ընդվզողներից շատերը (այդ թվում իշխանության ակնհայտ համախոհները) պնդում են, որ նման որոշմամբ Վարչապետը դրժում է խնդրո առարկայի վերաբերյալ իր խոստումները, որոնք նա տվել էր իշխանության գալուց անմիջապես հետո, ուստի և դավաճանում է իր համախոհներին:

Փաստելով, որ իրավամբ Վարչապետն իր բազմաթիվ խոստումների իրականացման տեսանկյոունից առավել քան խոցելի է, սակայն համոզված լինելով, որ որևէ տնտեսական, նույնիսկ ամենախոշոր, ծրագիր չի կարող գործարկվել ի հաշիվ մեր երկրի և մեր սերունդների անվտանգության (այդ թվում բնապահպանական և առողջապահական), ես, ինչպես և շատերը, ուշադրությամբ լսեցի Վարչապետի մեկնաբանությունները Կառավարության կողմից իրականացված նախաձեռնությունների և գործողությունների վերաբերյալ՝ կապված Լիդիան Արմենիա ընկերության գործունեության հետ:

Արդյունքում պարզ դարձավ հետևյալը.
1. Ի սկզբանե Կառավարությունը նպատակադրվել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ որոշում կայացնել բացառապես վերջինիս բնապահպանական հետևանքների առնչությամբ կոնկրետ փաստերի հիման վրա, ինչը միանգամայն ողջամիտ մոտեցում է:

2.Առավել քան ակնհայտ է, որ այդպիսի փաստեր կարող են ստացվել բնապահպանության բնագավառում միջազգային անվերապահ հեղինակություն ունեցող մասնագիտացված ընկերության կողմից համալիր ուսումանսիրությունների արդյունքում: Այդ նպատակով մրցույթային կարգով ընտրվել է լիբանանյան Էլարդ ընկերությունը (վերջինիս միջազգային հեղինակությունը վիճահարույց չէ որևէ կողմի համար):

3.Վերջինս իրականացրել է համալիր մասնագիտական վերլուծություն և տվել շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն, որով հավաստել է՝ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական անկառավարելի ռիսկեր չի պարունակում և Էլարդ ընկերության կողմից առաջարկված թվով 16 բնապահպանական միջոցառումների իրականացման պարագայում Լիդիան Արմենիա ընկերության գործունեության հետևանքները որևէ անկառավարելի վտանգ չեն ներկայացնի ո՛չ Սևանի, ո՛չ Ջերմուկի և ո՛չ էլ տարածաշրջանի գետերի ջրային ավազանների համար:

4. Լիդիան Արմենիա ընկերությունը համաձայնել է այդ առաջարկների հետ և ստանձնել նշված միջոցառումների իրականացման պատասխանատվությունը:

Ուստի հետևությունը մեկն է՝ Ամուլսարի ծրգրի շուրջ Կառավարության գործողությունները եղել են իրավիճակին և խնդրի բարդությանը համապատասխան և ենթակա են հանրային աջակցության:

Համոզված եմ, որ Կառավարության որոշումը էապես կնպաստի նաև միջազգային տնտեսական շրջանակներում Հայաստանի ‹‹վստահելի գործընկերոջ›› համարումի ձևավորմանը:

Հուսով եմ, որ Լիդիան Արմենիա ընկերության տնտեսական գործունեությունը կդառնա մեր Երկրում ներդրումային ‹‹հաջողված պատմության›› հերթական օրինակը:

Սակայն այս կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել մեկ նկատառում Կանաչների բնապահպանական շարժման վերաբերյալ:

Անշուշտ բնությունը և մեր շրջակա միջավայրը զգում են մարդու ընդգծված հոգացության կարիքը և մենք պարտավոր ենք հնարավորինս զերծ մնալ բնության անհարկի միջամտություններից:

Սակայն դա չի նշանակում և չի կարող նշանակել, որ մենք չպետք է օգտագործենք բնության ռեսուրսները մեր կարիքները հոգալու և տնտեսական անհրաժեշտ կարողություններ ձևավորելու նպատակով: Եթե բնությունը պահպանվեր իր ‹‹կուսական›› վիճակում, ապա մարդկությունը չէր կարող արձանագրել իր գիտական, տեխնոլոգիական և տնտեսական առաջընթացը:

Ուստի խնդիրն, ըստ իս, ոչ թե բնությունը մարդկային միջամտությունից ընդհանրապես զերծ պահելուն, նրա հարուստ ընդերքը օգտագործելուց խուսափելուն է վերաբերվում , այլ խնդիրն այն է, որ բնության բարիքները պետք է օգտագործել առաջնորդվելով սերունդների ‹‹վերթիկալ համերաշխության›› սկզբունքով, այսինքն բնական ռեսուրսների օգտագործումը չի կարող ապագա սերուդներին զրկել բարեկեցիկ կյանքով ապրելու և դինամիկ զարգանալու համար անհրաժեշտ բնական ռեսուրսներից:

Ուստի հենց այս կոնտեքստում պետք է քննարկվի նաև ընդերքօգտագործման խնդիրը և ազգային տնտեսության մեջ հանքարդյունաբերության կշռի հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: