Հայերեն   English   Русский  

Այս տարի «Գութան»-ը կներկայանա կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով


  
դիտումներ: 1259

Այս» տարի «Գութան»2019-ը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150 ամյակին:

Օգոստոսի 23-ին` ժամը 19։00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ փառատոնը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ:

Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:

Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք» «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Թնջրե» (Արցախի Հանրապետություն), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի» խմբերը:

Փառատոնի մասնակից խմբերը կներկայանան կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև կցուցադրվեն Վարդապետի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր։

«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնի իրականացումը մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:

«Գութան»2019

«Գութան» փառատոնը մի յուրահատուկ հարթակ է, որտեղ ավանդական երգերն ու պարերը ներկայացվում են իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների: Կկատարվեն ամբողջ Հայաստանը ներկայացնող ավանդական երգեր և պարեր, յուրաքանչյուր խումբ կներկայանա Կոմիտասյան ստեղծագործությամբ, կցուցադրվեն նաև Վարդապետի մասին պատմող 5 կարճամետրաժ ֆիլմեր։

Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը փառատոնն իրականացնում է 2014 թվականից, ու այս կարճ ժամանակաշրջանում հասցրել է փառատոնը դարձնել սիրելի ու սպասելի:

«Գութան»-ի նպատակն է պահպանել և տարածել հայկական ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին», - նշում է Արսեն Գրիգորյանն ու ավելացնում, որ փառատոնն ունի իր հստակ սկզբունքները՝ ներկայացնել միայն ավանդական մաքրամաքուր երգեր ու պարեր, միայն կենդանի կատարումներով, կենդանի նվագակցությամբ՝ օգտագործելով մեր ազգային նվագարանները՝ դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ:

Փառատոնում հնարավոր է տեսնել ամբողջ Հայաստանի տարբեր շրջաններն ու գավառները (Կիլիկիան Հայաստանից մինչև Արցախ) ներկայացնող ավանդական երգերն ու պարերն՝ իրենց բոլոր ճյուղերով:

Ամեն տարի արխիվացվում են ամենաքիչը 50-60 ավանդական երգեր և պարեր, որոնք տեսաձայնագրվում են ամենաբարձր որակով:

«Նպատակ ենք հետապնդում այն էլ ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներում: Ինչպես հայ հանդիսատեսը, այնպես էլ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային ավանդական երգերն ու պարերը, որն էլ իր հերթին մի հիմնաքար է հանդիսանում ազգային մշակույթի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման գործում», - նշում է Արսեն Գրիգորյանն ու բոլորին հրավիրում միասին այս օրը դարձնել ավանդական տոնախմբություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: