Հայերեն   English   Русский  

Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման մասին որոշումը ունի բացառապես քաղաքական բնույթ. Ղազինյան


  
դիտումներ: 155

Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման մասին որոշումը ունի բացառապես քաղաքական բնույթ, իսկ այդ որոշումն ընդունելու բացառիկ իրավասությունը պատկանում է քաղաքական իշխանությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեկ Հայաստան կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

<<Քանի որ աշխարհում գոյություն չունի որևէ մետաղական հանք, որի շահագործումը չվնասի շրջակա միջավայրին, շահագործման մասին որոշման քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։

Սերժ Սարգսյանը և իշխող Հանրապետական կուսակցությունը, Ամուլսարի մետաղական հանքի շահագործման քաղաքական որոշման համար կրեցին իրենց բաժին քաղաքական պատասխանատվությունը, հիմա հերթը <Իմ քայլը> դաշինքինն ու անձամբ Նիկոլ Փաշինյանինն է։

Ամբողջ խնդիրը ազնվությունն ու անկեղծությունն է, որ պետք է ցուցաբերի իշխանությունը իր քաղաքացիների հանդեպ և խոստովանի, որ Ամուլսարի հանքի շահագործման մասին որոշումը կայացված է եղել դեռևս անցած տարի, իսկ այդ որոշման մասին Փաշինյանը տեղեկացրել է Լիդիան ընկերության ղեկավարներին՝ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Կառավարության կողմից պատվիրված թանկարժեք փորձաքննությունը պետք է հիմք հանդիսանար այս որոշման հրապարակման համար, հետևաբար այն խիստ կասկածելի պայմաններում պատվիրվեց կասկածելի ծագում և փորձառություն ունեցող ընկերությանը՝ այդ նպատակի համար ծախսելով հարկատուների վճարած 400.000$։ Կարծում եմ, մեր կոռուպցիային պատերազմ հայտարարած մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննեն այս փաստը և փարատել հասարակության ներսում առկա կասկածները։

Ինչ վերաբերում է բուն հանքի շահագործման խնդրին, ապա կխուսափեմ այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ, կրկնում եմ, սա իշխանության քաղաքական որոշում է, որի համար առկա է քաղաքական պատասխանատվություն։

Իշխանության գործընկերը չեմ, իսկ օպոնենտ լինել չեմ ցանկանում՝ անհարկի պոպուլիզմից խուսափելու և բնապահպանների պայքարը չքաղաքականացնելու համար>>,-գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: