Հայերեն   English   Русский  

Դավիթ Անանյանն արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները


  
դիտումներ: 101

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նրա գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին շրջել են տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: Նրանք դիտարկել են աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը:

Կոմիտեի ղեկավարը զրուցել է շինարարական աշխատանքները համակարգող անձնակազմի հետ, քննարկել նախագծի համաձայն ապագա կենտրոնի արդյունավետ գործարկման մանրամասները: Դավիթ Անանյանն ընդգծել է նախագծի առաջին փուլը ժամանակին իրագործելու կարևորությունը` հաշվի առնելով, որ տարածաշրջանում ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագետներ պատրաստելու դասընթացն արդեն մեկնարկել է:

Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված կառույցը սահմանված ժամկետում շահագործման հանձնելու նպատակով Դավիթ Անանյանը հանձնարարարել է ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունն ու բարձր որակը և հետևողական լինել ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Աշխատանքային խումբը գլխավորող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը յուրաքանչյուր շաբաթ կառավարության ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: