Հայերեն   English   Русский  

Իշխանությունը աստիճանաբար քաղում է այն պտուղները, որոնք ցանում էր այս ընթացքումը. Դավիթ Խաժակյան


  
դիտումներ: 62

Շոգ ամառն ավարտվում է թեժ քաղաքական իրադրությամբ, որը վստահաբար լինելու է աշնանը ընթացող գործընթացների մեկնարկային կետը: Իշխանությունը, քաղաքական շրջափուլն ամփոփելով, աստիճանաբար քաղում է այն պտուղները, որոնք ցանում էր այս ընթացքում:

Հետհեղափոխական շրջանում իշխանությունների հռետորաբանության առանցքային բանաձևը «սևի» և «սպիտակի» բաժանումն էր: Այդ բանաձևը պարբերաբար կիրառվում էր տարբեր քաղաքական խնդիրներ լուծելիս և հասարակության շրջանում ձևավորում վարքագիծ, որը այս օրերին դուրս է ելնում իր ծնողի դեմ: «Սևի» և «սպիտակի» բաժանումը այլևս ոչ միայն քաղաքական ուժերի տարանջատման միջոց է, այլ մտածողության ձև, որին բնորոշ է երկու հակադիր կողմ, որտեղ չկան բովանդակային առանձնահատկություններ կամ նրբերանգներ:

Մտածողության այս ձևում դու կամ փրկիչն ես, կամ դավաճանը: Նիկոլ Փաշինյանը, մեկ տարվա ընթացքում ձևավորելով այս մտածողությունը, մշտապես եղել է «սպիտակի» կարգավիճակում և քաղաքական դեբատներում առավելություն ստացել ոչ թե այն պատճառով, որ իր փաստարկներում եղել է ավելի համոզիչ և իրավացի, այլ կարողացել է «սևացնելով» օպոնենտին՝ «ջաղջախել» քննարկման բովանդակային առանձնահատկությունները: Ամուլսարի հանքի շուրջ ձևավորված իրադրությունը այն պտուղն է, որը քաղում է վարչապետ Փաշինյանը: Հասարակությունը խնդրին նայում է «սև ու սպիտակի» մտածողության պրիզմայով, որում չկա բանավեճ և քննարկելի հարց: Խնդիրը հստակ է․ հանքը չպետք է շահագործվի՝ անկախ վստահելի կամ ոչ վստահելի փորձաքննությունից:

Ըստ իս՝ փորձաքննություն իրականացնող կազմակերպության պատմությունը և կատարած աշխատանքը չի կարող վճռորոշ դեր ունենալ հանքի բացման հարցում, բայց կարծում եմ, որ դա այլևս կարևոր չէ, քանի որ դրանք բովանդակային առանձնահատկություններ են, որոնք իմ տպավորությամբ էական չեն հասարակության համար, քանի որ, ինչպես նշեցի, խնդիրը դրված է շատ հստակ՝ «սև» կամ «սպիտակ»: Հասարակության արձագանքը հանքը վերաբացելու իշխանության տեսակետի նկատմամբ նույնական էր այս մեկ տարվա ընթացքում իշխանության կիրառած մոտեցումներին:

Եթե Փաշինյանը հեղափոխությունից հետո իր կոչով կարող էր պարալիզացնել դատական համակարգի գործունեությունը հանուն վերջինիս նկատմամբ անվստահության սիմվոլիկ ցուցադրության, ապա հասարակությունը կարող է պարալիզացնել հանքի արդյունահանման գործընթացը հանուն բնապահպանական աղետի իրական վտանգի: Եթե Փաշինյանը կարող էր առանց պետական համակարգում ռեֆորմների ճանաչել ժողովրդավարությունը որպես իր ամենամեծ ձեռքբերում, ապա հասարակությունը կարող է կասկածի տակ առնել այդ ձեռքբերումը՝ հայտնվելով կողպված ԱԺ դարպասների առջև ոստիկանական բիրտ ուժի կիրառման ներքո:

Այսպիսով, հասարակությունը պատրաստ չէ լսել Փաշինյանի փաստարկները հանքի վերաբացման վերաբերյալ, քանի որ «սև ու սպիտակի» տրամաբանության մեջ այդ ամենը չի տեղավորվում և ցավով պետք է արձանագրեմ, որ իշխանությունը փակել է խնդրի բովանդակային քննարկման ճանապարհները: Փակվել է նաև մեկ այլ ճանապարհ, որը իմ գնահատմամբ քաղաքական ճգնաժամի նախադրյալ է:

Փաշինյանը հետևողականորեն փորձել է ստվերել խորհրդարանական մրցակից ուժերի աշխատանքը՝ ջանալով ապացուցել, որ ինքն է միակ և անկրկնելի իշխանություն իրացնողը պետության մեջ և հասարակության համար: Նույնը նաև՝ արտախորհրդարանական ուժերի նկատմամբ: Իր բացառողական վարքագծով վարչապետը մնացել է առանց դաշնակիցների և այրել է այն կամուրջները, որոնք կարող էին երկխոսության դաշտ ստեղծել հասարակության և այս հարցում հասարակության կամքին դեմ գնացող իշխանության միջև: Սեփական թիմում ևս կան խնդիրներ, որոնք սակայն, կարծում եմ էական նշանակություն չունեն այս հարցում: Կան և անվերապահ վստահություն հայտնողներ և սուր քննադատներ, սակայն հանրային ընկալման տեսանկյունից դա չի կարող օգնել կամ վնասել վարչապետին:

Եվ ահա Փաշինյանը երկընտրանքի առջև է. նա կարող է ընտրել «սևի» ճանապարհը՝ թույլատրել վերաբացել հանքը և ուժի կիրառման միջոցով կանխել սպասվող անհնազանդության գործողությունները, կամ կարող է ընտրել «սպիտակի» ճանապարհը՝ արգելելով հանքի շահագործումը և կանգնելով հնարավոր իրավական հետևանքների առջև: Փաշինյանը, իհարկե, շատ կցանկանար գտնել այլ երանգներ, բայց նա արդեն նետել է վիճակը՝ «սև» կամ «սպիտակ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: