Հայերեն   English   Русский  

«Նախատեսվում են հողային բարեփոխումներ». Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը


  
դիտումներ: 127

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ֆերմերներ, գյուղոլորտի այլ պատասխանատուներ:

Փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները եւ դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ռազմավարության հիմքում դրված Հայաստանի մրցակցային առավելություններն ու փաստաթղթի հիմնական սկզբունքները, որոնց թվում առանձնապես կարեւորվել են ագրեգացումը, առեւտրայնացումը, կողմնորոշումը դեպի որակ, երիտասարդության ներգրավվածությունը գյուղոլորտում, գյուղարտադրանքի դիվերսիֆիկացումը եւ ռիսկերի կառավարումը, կլիմայական փոփոխությանը հարմարվողականությունը ու շրջակա միջավայրի կայունությունը, տեխնոլոգիաների արդիականացումը:

Գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների թվում մատնանշվել են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության եւ արդյունավետության բարձրացումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, պարենային անվտանգության եւ սնուցման բարելավումը, տեղական շուկաների զարգացումը եւ արտահանման հնարավորությունների բարձրացումը, գյուղատնտեսության ոլորտում մարդկային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը, թվային գյուղատնտեսության եւ տեխնոլոգիական նորարարության խթանումը:

Նշվել է նաեւ, որ նախատեսվում է իրականացնել հողային բարեփոխումներ, աջակցել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին անցում կատարել ավանդական փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված եւ բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն:

Փոխնախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ առաջիկայում մշակվելու եւ շահագրգիռ կողմերի ուշադրությանն է ներկայացվելու նաեւ ռազմավարության իրականացման գործողությունների պլանը:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները ներկայացրել են ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկներն ու նկատառումները:

ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային եւ տեղական փորձագետներ, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: