Հայերեն   English   Русский  

Մենք պետք է մեր քվեն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 227

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել «Էլարդ» ընկերության նախանշած 16 կետերից 15-ն իրականացնել, իսկ այդ պարագայում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կառավարության դրած բնապահպանական բարձր չափանիշների պահպանման վերահսկողությունն իրենք են իրականացնելու։

«Մենք իրականացնելու ենք մշտական մոնիթորինգ։ Եթե տեսնենք, որ Լիդիանը չի պահում մեր պայմանը, այն է՝ 0 լիտր աղտոտված ջուր, 90 օր ժամանակ ենք տալու այդ թերություններն ուղղելու համար, իսկ դա չանելու պարագայում այդ հանքը փակելու ենք: Այսինքն՝ Կառավարությունն ունի բոլոր օրինական լծակները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտներով։

«Ուշադրություն դարձրեք՝ Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով։ Այս ստանդարտները ՀՀ-ում մինչ այս երբեք չեն կիրառվել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս ամենից հետո խնդիր է դրվելու՝ փոխել նաև Հայաստանում գործող այլ հանքների շահագործման ստանդարտները, իսկ Կառավարությունն այդ քայլին գնալու է, քանի որ իր քաղաքական թիմն ամրագրել է անվտանգ հանքարդունաբերություն ունենալու թեզը։

«Մենք պարտադրելու ենք, որ ՀՀ-ում հանքարդյունաբերությունն ամենաժամանակակից ստանդարտներով աշխատի»,- ասաց Փաշինյանը։

Ուղիղ եթերն ամփոփելով Փաշինյանն ասաց, որ պետք է ժողովուրդն իր քվեն տա, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: