Հայերեն   English   Русский  

Եռամսյա պայքար Հոնկոնգում․ ցուցարարներն ու իշխանություններն ընդհանուր հայտարարի չեն գալիս


  
դիտումներ: 1117

Երեկ Հոնկոնգում տեղի ունեցած ցույցին և բողոքի երթին մասնակցել է շուրջ 1,5 մլն մարդ։ 7,5 մլն բնակիչ ունեցող Հոնկոնգում զանգվածային ցույցեր են ընթանում արդեն երեք ամիս շարունակ։

Ցույցերը պարբերաբար վերաճում են ոստիկանության հետ բախումների։ Ցույցաշատ երեք ամիսների ընթացքում շուրջ 740 մարդ է ձերբակալվել, տասնյակ մարդիկ են մարմնական վնասվածքներ ստացել։ Իշխանություններն ու ցուցարարները, սակայն, դեռևս ընդհանուր հայտարարի գալ չեն կարողանում։

Ո՞րն է ցույցերի պատճառը

Հոնկոնգը Չինաստանի կազմում հատուկ ադմինիստրատիվ տարածքի կարգավիճակ ունի։ Այն նախկինում եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը և Չինաստանին է վերադարձվել միայն 1997-ին։ Ըստ պայմանագրի՝ Հոնկոնգը հատուկ ադմինիստրատիվ տարածքի կարգավիճակ պետք է ունենա մինչև 2047 թվականը։ Այստեղ գործում է չինական «Մեկ պետություն, երկու մոտեցում» քաղաքականությունը, ինչը Հոնկոնգին հնարավորություն է տալիս ունենալ առավել ժողովրդավարական համակարգ և անկախ դատարաններ, քան բուն Չինաստանում է։

Ցույցերի պատճառ է դարձել օրինագիծը, որը հնարավորություն էր տալիս մայրցամաքային Չինաստանի կողմից հետախուզվող անձանց արտահանձնել։ Օրինագիծը կարևոր է պաշտոնական Պեկինի համար, քանի որ այստեղ համարում են, որ իրենց քաղաքական ընդդիմախոսներն ի վերջո ապաստանում են Հոնկոնգում՝ այստեղից գործունեություն ծավալելով։ Հոնկոնգում էլ այս օրինագիծը համարում են վտանգ իրենց ազատություններին ու ժողովրդավարությանը։ Այստեղ մտավախություն են հայտնում, որ օրինագիծն ընդունման պարագայում քաղաքական նրբերանգներ կստանա և կծառայի խոսքի և կարծիքի ազատության ճնշմանը։

Բողոքի ցույցեր տեղի էին ունենում դեռ ապրիլից։ Հունիսից դրանք զանգվածային բնույթ ստացան՝ ներգրավելով միլիոնավոր մարդկանց։ Ցուցարարների ճնշման ներքո՝ տեղի խորհրդարանում օրինագծի քննարկումն ու ընդունումն անժամկետ հետաձգվել է։ Ցուցարարներին, սակայն, դա չի բավարարում։ Նրանք նշում են, որ խորհրդարանը մեկ տարի ժամանակ ունի ցանկացած պահի օրինագիծն օրակարգ բերելու և ընդունելու համար։ Նրանք պահանջում են օրինագիծը հանել խորհրդարանի օրակարգից։

Եթե ցուցարարների սկզբնական պահանջը օրինագծի չեղարկումն էր, ապա գնալով պահանջների թիվն ավելանում է։ Ներկայում, երբ ցուցարարների գերակշիռ մասը կազմում են ուսանողներն ու ավագ դպրոցականները, նրանք մտահոգություն են հայտնում Հոնկոնգի և իրենց ապագայով։ «Հոնկոնգը չի դառնա չինական շարքային քաղաք։ Հոնկոնգը Չինաստան չէ»,- լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ ներկայացնելով իր մտահոգությունը 2047-ից հետո Հոնկոնգի կարգավիճակի վերաբերյալ։

Արդեն իսկ կոչեր են հնչում Չինաստանի կազմից դուրս գալու մասին։ Սակայն այդ կոչերը դեռևս ցուցարարների պահանջներում ներառված չեն։

Այժմ ցուցարարները պահանջում են դադարեցնել ձերբակալվածների նկատմամբ հարուցված քրեական գործերը, նախորդ ամիսներին տեղի ունեցած ցույցերը չորակել որպես անկարգություններ, հետաքննել ոստիկանների կողմից բռնությունների դեպքերը։ Նրանք նաև պահանջում են Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմի հրաժարականը և նոր, ուղիղ կերպով ժողովրդավարական ընտրությունների անցկացում։ Ներկայում Հոնկոնգի խորհրդարանի մի մասն է ուղիղ ընտրություններով ձևավորվում։

Իշխանությունների արձագանքը

Հոնկոնգ

Իշխանությունները չեն շտապում ցուցարարների պահանջները բավարարել։ Հայտնի է, որ Չինաստանի կենտրոնական իշխանությունները Հոնկոնգի հարևան քաղաքում են տեղակայել ներքին զորքերը։ Փորձագետների կարծիքով, սակայն, ներքին զորքերը Հոնկոնգ չեն մտնի։ Պատճառաբանությունը մի քանիսն է՝ նախ, դա կնշանակի Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված համաձայնագրի խախտում, որով Հոնկոնգը մինչև 2047 թվականը պետք է հատուկ կարգավիճակ ունենա։ Երկրորդ, Չինաստանը Հոնկոնգի սկզբունքով հատուկ կարգավիճակ է առաջարկում Թայվանին։ Հոնկոնգի նկատմամբ ուժի կիրառումը կարող է ընդմիշտ խաչ քաշել Թայվանի հետ խնդրի լուծման այս տարբերակին։

Միջազգային ասպարեզում էլ պաշտոնական Պեկինին մի շարք ուղերձներ են հղվել, որոնք կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից։ Ավելին, ԱՄՆ-ում սպառնացել են Հոնկոնգին զրկել ԱՄՆ-ի արտոնյալ տնտեսական գործընկերոջ կարգավիճակից, ինչը մեծ հարված կլինի Չինաստանի համար՝ հաշվի առնելով ընթացող տնտեսական պատերազմը և Չինաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները։

Այս և մի շարք այլ գործոններ զսպող դեր են խաղում Չինաստանի իշխանությունների համար։ Փորձագետների կարծիքով՝ նրանք հույս ունեն, որ հանրության լայն զանգվածներն ի վերջո կհոգնեն մշտական ցույցերից, կմնան ծայրահեղական փոքրաթիվ զանգվածները, որոնց դեմ պայքարելն ավելի հեշտ կլինի։

Նշենք, որ Պեկինում համարում են, որ ցույցերի հետևում ամերիկյան ուժերն են կանգնած։

Ցուցարարների պայքարի ձևը

Հոնկոնգ

Ցուցարարների գույնը սևն է։ Նրանք բողոքի ակցիաներին մասնակցում են սև հագուստով, սև ակնոցներով, դեմքը փակած, իսկ գլխին՝ շինարարական պաշտպանիչ սաղավարտներ։ Առաջնորդվում են Բրյուս Լիի՝ ֆիլմերից մեկում հնչեցրած արտահայտությամբ՝ եղիր ինչպես ջուրը։ Ասում են, որ իրենք շարժուն են, միաժամանակ ամենուր են և ոչ մի տեղ են։Կիրառում են ապակենտրոնացված պայքարի մեթոդը․ անսպասելի հայտնվում են որևէ վայրում, փակում փողոցները, օդանավակայանը, մայցամաքային Չինաստանի հետ կապող թունելը, իսկ ոստիկանության ժամանելուց հետո, երբ բախումներ են սկսվում, հեռանում են։ Եվ քանի որ պայքարն ապակենտրոնացված է, մասնատված են նաև ոստիկանության ուժերը, որոնք չգիտեն, թե հաջորդ պահին որտեղ փողոց կփակվի։

Տնտեսական վնասները

Հոնկոնգ

Հոնկոնգում ՀՆԱ-ի 5 տոկոսը կազմում են զբոսաշրջությունից ստացվող եկամուտները։ BBC-ի հրապարակման համաձայն՝ երեք ամիս շարունակվող ցույցերի պատճառով զբոսաշրջիկների հոսքը երկնիշ թվերով նվազել է։ Նվազել են նաև ավիափոխադրումները, հյուրանոցներում ամրագրումները։ Սակայն տնտեսական վնասի ամբողջական պատկեր դեռևս չկա։ Հոնկոնգում վստահություն են հայտնել, որ տնտեսական կորուստները ժամանակավոր են, և ցույցերի դադարից հետո Հոնկոնգը նորից զբոսաշրջիկների համար գրավիչ վայր կդառնա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: