Հայերեն   English   Русский  

«Դուք ինքներդ ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ»․ Արփինե Հովհաննիսյանի 2-րդ բաց նամակը Փաշինյանին


  
դիտումներ: 1319

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

"ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ"

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Մաս երկրորդ)

Հարգելի պարոն Փաշինյան,

Հարգելի Նիկոլ,

Չէի պատրաստվում այսքան վաղ գրել երկրորդ նամակը, սակայն ամեն անգամ Ձեր գործողությունների ընթացքը ստիպում է կրկին անդրադառնալ դրանց։
Չէի գրի Ձեզ, եթե գոնե չնչին համոզմունք ունենայի, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ ոչ թե գլխիկոր կատարում են ձեր ցանկացած քմահաճույք, ոչ թե սպառում են ձեր երբեմնի վարկանիշը, այլ գոնե երբեմն փորձում են ներկայացնել Ձեր որոշումների հնարավոր ռիսկերը։

Հարգելի Նիկոլ,
Վերջին քսան տարիները որպես լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր, ապա նաեւ վարչապետ Դուք քաղաքական դաշտում ունեցել եք միայն մեկ առաքելություն՝ դեմոնիզացնել քաղաքական դաշտի բոլոր կարեւոր դերակատարներին՝ այդպիսով կերտելով «ամենաընդդիմադրի» կերպարը։ Ամենատարբեր ժամանակներում չեք խորշել դեմոնիզացնել բոլորին՝ սկսած Ձեր քաղաքական կնքահայր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից ( սրան ականատես ինքս էլ եղել եմ) մինչեւ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան։
Իհարկե, նվազ պարսավելի է, երբ դուք՝ որպես լրագրող եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ ընտրում էիք քաղաքական պայքարի ադ ձեւը։ Ի վերջո, իշխանության դեմոնիզացիայի եւ դրա միջոցով իշխանության գալու մասին մեկ գիրք չէ, որ գրված է եւ դուք առաջինը ու հաստատապես նաեւ վերջինը չեք, որ նման կերպ գալիս եք իշխանության։
Բայց արդյոք միեւնույն գործիքակազմը, որը ընդունելի է ընդդիմադիր քաղաքական գործչի համար ընդունելի՞ է երկրի վարչապետի համար։ Կարծում եմ՝ ոչ։ Վստահ եմ՝ ոչ։

Սինգապուրում, Դուք մեծ ոգեւորությամբ խոսում էիք, որ Հայաստանը գրեթե վերածվել է երկրորդ սինգապուրյան հրաշքին։ Ուստի կարծում եմ՝ արժե վերհիշել այն սկզբունքները, որի վրա հիմնված էր սինգապուրյան հրաշքը։
• Պրագմատիզմ, այսինքն՝ արա այն, ինչ կարող ես իրագործել

Ուշադիր կարդացեք՝ եթե կարող ես իրագործել ինքդ, ոչ թե ուրիշների բացած գործարաններում նկարվելով ու ոչինչ չանելով։

  • Հետեւողականություն-եթե կանոնները արդեն հայտարարված են չի կարելի հընթացս գծել նոր կանոններ եւ շարժվել դրանցով
  • Սա ուղղակի ուշադիր կարդացեք

  • Շիտակություն- Ուրիշներին բացատրիր այն ամենը, ինչ անում ես՝ նույնիսկ եթե դժվար է և տհաճություն է հարուցում:
  • Ուշադիր կարդացեք՝ Բացատրեք հանգիստ ու հավասարակշռված՝ առանց մեղադրելու ու ստելու։

  • Մերիտոկրատիա- Եթե ուզում ես հասնել հաջողության, աշխատանքի վերցրու լավագույններին:
  • Ուշադիր կարդացեք՝ լավագույններին՝ իրենց գործում, բայց ոչ լավագույն քայլածներին, դագաղ դրածներին, հայհոյանքի սեռապաթոլոգիկը սիրողներին եւ այլն։

  • Մասշտաբայնություն- Կենտրոնացիր ռազմավարական խարսխային ծրագրերի վրա: Փոքր հաղթանակները նույնպես հարկավոր են, սակայն շուտ են մոռացվում:
  • Ուշադիր կարդացեք՝ Մասշտաբայնություն կա՞։ Իհարկե կա, օրինակ՝
    Մասշտաբային հայհոյանքը դարձել է Ձեր քաղաքականության գոյաբանական հիմքը, բայց այստեղ մի կարեւոր դիտարկում. հայհոյանքի ձեր թիրախները, այդ հայհոյանքը միշտ հրապարակային թե ոչ այնքան՝ վերահասեագրում են ձեզ ու ձեր յուրայիններին, տրոլեր ստեղծողներին եւ մյուս «մանկուրտներին» ուստի, իմացած եղեք, հայհոյանքի ամենամեծ թիրախը դուք եք.

  • Ներգրավածություն- չի կարելի հասնել հաջողության, եթե ամբողջովին նվիրված չես քո գործին եւ պատրաստ չես զոհաբերել ամեն ինչ հանուն դրան։
  • Ուշադիր կարդացեք՝ գործին՝ ոչ թե վրեժին։

  • Եզակիության ձգտում- Հասկացիր, թե որն է քո եզակի առավելությունը և օգտագործիր այն:
  • Ուշադիր կարդացեք՝
    երեւի թե կա մի բան, որում դուք իրապես եզակի եք։ Դուք առաջինն էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների եւ յուրայինների, յուրային համարվեցին նրանք, ովքեր ընդունեցին ձեր «եզակիությունը»։

  • Մրցակցություն- Միայն սա է, որ թույլ է տալիս առաջ շարժվել ու բարելավել ցանկացած իրավիճակ: Սակայն միշտ հիշիր. չի՛ կարելի հաղթել ամեն գնով։
  • Ուշադիր կարդացեք՝ Թողեք հասարակությունը տաբուներ ունենա։

  • Մարդկանց նկատմամբ հարգանք- Մարդը գլխավոր արժեքն է, հիմքերի հիմքը: Նույնիսկ եթե պատժում ես որևէ մեկի, պահպանիր նրա նկատմամբ հարգանքը։
  • Ուշադիր կարդացեք՝ հիշեք մաքսատան ծառայողին եւ ոչ միայն։

    Այս մեկ տարվա ընթացքում դուք այնքան եք ստել, այնքան անհետեւողական եք եղել ձեր հայտարարությունների, գործողությունների մեջ, որ կարճ ժամանակ անց կամ նույնիսկ հիմա ձեր աջակիցներին ասելու են՝ բա՞ Նիկոլի ժամանակ ինչու չէիք խոսում։ Դուք շիտակ չեք ձեր թիմակիցների հետ՝ շատ հաճախ նրանց դնելով հիմար վիճակի մեջ՝ստիպելով պաշտպանել այն, ինչին այդքան տարի իրենք դեմ են եղել ՝ԵԱՏՄ, Ամուլսար կուտակային կենսաթոշակային եւ այլն։


    Դուք նույնիսկ դեմոնիզացնում եք Արցախի հերոսներին, անգամ եթե սեփական թիմակիցներդ պնդում են, որ նման քայլը սխալ է։

    Բայց դա դասական է շատ ՝ սովորաբար ամենաշատը ատում են այն ինչ չեն հասկանում, ինչին մասնակից չեն եղել։ Ուստի որքան ուժգին է ձայնը՝ թե Արցախը Հայաստան է ու վերջ, այնքան երկար պետք է մտածել իսկ Արցախ ասելով ինչ եք կոնկրետ դուք հասկանում։

    Պարոն Փաշինյան
    Թե կուզեք անկեղծ՝
    Ես նույնիսկ կողջունեի որոշ արատավոր երեւույթներ արմատախիլ անելու ձեր քաղաքականությունը, եթե դա չարվեր այդքան քինախնդիր, մանրախնդիր, ապիկար ու սելեկտիվ ճանապարհով։
    Այդտեղ փնտրեք իրավական քաղաքական, արտաքին քաղաքական եւ մի շարք այլ ձախողումների պատճառը։

    Պարոն Փաշինյան,
    Դուք ինքներդ էլ առանց ինձ գիտեք, որ ձեր իշխանությունը հեռու է այս բոլոր չափանիշներից, ուստի պարզ է դառնում ինչու արդեն որպես վարչապետ շարունակում եք «նախկինապաշտ» ձեր գործունեությունը։

    Բացի քաղաքական անճարությունից կա անկասկած նաեւ հոգեբանական պահ։ Օրինակ՝ կալանավորելով 2-րդ նախագահին վստահ եմ ամեն ինչից զատ մեղքի անգամ ձեր բաժինն եք ուզում ձեր վրայից գցել։ Դուք հո գիտեք իրականությունը։ Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ։
    Դա կազդարարի հին փուլի ավարտը եւ մեկ այլ փուլի սկիզբ՝ այն է՝ հին «վիշապների» ժամանակաշրջանի ավարտ եւ նոր վիշապի ծննդյան փուլ։ Ու այդ ժամ Հայաստանի կունենա նոր վիշապ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով։

    Սակայն առաջին անգամ վիշապը կլինի ինքնակերտ, Դուք ինքներդ ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ՝ ցույց տալով ողջ երեսպաշտությունը եւ անկարողութունը սեփական ժողովրդին։ Ու Ժողովուրդը մենակ կմնա իր վիշապի հետ։ Եթե ինձ հարցնենք՝ սա լավ է թե վատ, ապա անկասկած լավ, որովհետեւ ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ, տեսնի տարբերությունը իրական վիշապի եւ մտացածին «վիշապների» միջեւ։






    Մեկնաբանություններ - 1

    agob.k     21.08.2019 arten ojer eyin u hima tarjan vichap u hrechner martkayin voj m arGanabadiv junejog sriqaner
    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: