Հայերեն   English   Русский  

«Ես երբեք չեմ կարող ասել վերջ, որովհետև դեռ շատ «ասելիք» ունեմ». Վլադիմիր Աբրահամյան


  
դիտումներ: 1253

«Դալան» ցուցասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի` թվով չորորդ անհատական ցուցահանդեսը, որում տեղ են գտել ներկապնակի ամենավառ գույներով վրձնած, բայց դեռևս չցուցադրված աշխատանքները:

Նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, ընդգրկվել են նաև 2019թ. ստեղծված բազմաթիվ գործեր՝ «Թովչանք», «Վազք», «Լույս և հավատ» և այլն:

Ցուցահանդեսը բացվել է նկարչի մասին պատմող ֆիլմով:

Նկարչի ստեղծագործելու շունչը և խորհրդավոր աուրան դիտողին փոխանցելու համար արվեստանոցից ցուցասրահ է տեղափոխվել նրա անբաժան ձայնարկիչն ու օպերային արվեստի լավագույն նմուշները՝ ձայնապնակներով:

Ցուցահանդեսի ընթացքում հնչում է այն երաժշտությունը, ինչը մշտապես թևածում է նրա արվեստանոցում:

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ցուցահանդեսը դիտել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախկին նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, նկարիչներ, արվեստասերներ:

Ներկաները նշել են, որ տպավորված են նկարչի վառ ներկապնակից ու ստեղծագործության խորհրդավոր գրավչությամբ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն անկեղծացել է, որ տպավորված է հատկապես Վ. Աբրահամյանի , «Կոմիտասյան դրամա», «Ճակատագիր», «Երաժշտութուն» կտավներից:

Վլադիմիր Աբրահամյանը նշել է.

«Ես երբեք չեմ կարող ասել վերջ, որովհետև դեռ շատ «ասելիք» ունեմ ու բազմաթին նոր մտահղացումներ, էսքիզներ, որոնք պետք է ավարտին հասցնեմ»:

78 ամյա նկարիչը շարունակում է ստեղծագործել ու դասավանդել: Կերպարվեստի սիրահարներն այսօր ճանաչում ու գնահատում են Վլադիմիր Աբրահամյանի շնորհաշատ բազմաթիվ աշակերտների:

78–ամյա նկարիչը, ով երաժշտության հնչյունների ներքո է ստեղծագործում, իր կտավների գլխավոր հերոսին համարում է մարդուն՝ որպես բնության անբաժանելի մի մասնիկ` իր ապրումներով ու հույզերով:

Վլադիմիր Աբրահամյանը ոգեշնչվում է բնությամբ, իր ընտանիքով՝ որդիներով ու թոռներով, բայց նրա ներշնչանքի գլխավոր աղբյուրը եղել և մնում են գեղեցիկ կանայք:

«Էլ ինչ նկարիչ, որ պետք է տրվի միայն բնությանը: Կինն ամեն ինչ է, իմ իդեալն է, չէ՞ որ հենց կինն է կյանք տվողը: Կինը հրեշտակի նման կախված է նկարչի գլխին»,-ասում է Աբրահամյանը և հավելում, որ իր աշակերտներին խորհուրդ է տալիս, որ իրենց գործը շարունակեն, միջակ նկարիչ չդառնան ու սերունդ աճեցնեն:

Նշենք, որ Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):

Վլադիմիր Աբրահամյանն աշխատում է կոմպոզիցիայի, դիմանկարի, գրաֆիկայի, նատյուրմորտի ու բնանկարի ժանրում։ Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով։

Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

Նկարիչը դեռ կյանք է տալու նաև իր գծագրած էսքիզներին։ Հույս ունի, որ պետությունը կաջակցի իրեն սեփական արվեստանոցի հարցում, որպեսզի նկարները պահելու համար կարողանա հարմար միջավայր ստեղծել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: