Հայերեն   English   Русский  

Օրերս Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն


  
դիտումներ: 98

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Երևանում գտնվող իր ուրուգվայցի գործընկեր Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ

օգոստոսի 16-ին Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի ԱԳ նախարարն արձանագրեց 2 երկրների միջև շարունակվող դինամիկ երկխոսությունը:

«Հայաստանի համար Ուրուգվայը անչափ կարեւոր եւ հուսալի գործընկեր է: Անչափ էմոցիոնալ բաղադրիչ է այն, որ 1965 թվականին Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միջպետական հարաբերությունները կառուցվում են արժեքների ընդհանուր համակարգի վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, խաղաղություն»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ուրուգվայը ակտիվորեն աշխատում են միջազգային հարթակներում, Ուրուգվայը սատարում է Հայաստանի ջանքերին Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Այսօր կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, նշվել է երկխոսության շարունակման կարեւորությունը եւ հայ համայնքի դերակատարումը:

«Ուրուգվայում բնակվող մոտ 20 հազար հայերը ոչ միայն Ուրուգվայի արժանավոր քաղաքացիներն են, որոնք ակտիվորեն մասնակցում են երկրի զարգացմանը, այլեւ իրենց ազգային ինքնությանը հավատարիմ մարդիկ են»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, հիշեցրեց, որ արդեն ստեղծվել է բարեկամության խումբ: Կողմերը մտադիր են համագործակցությունը խորացնել տնտեսական, գիտական, մշակութային, կրթական ոլորտներում: Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերոջը տեղեկացրեց ինտեգրացիոն գործընթացներին երկրի մասնակցության մասին: Գործընկերը հայտնեց համանման գործընթացներում իր երկրի աշխատանքի մասին:

Ուրուգվայի ԱԳ նախարարն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը իր հայրենակիցներից շատերի հայրենիքն է, նրանք Հայաստանը մայր են անվանում:

«Նրանք ինտեգրված են Ուրուգվայի հանրային կյանքին՝ տուրիզմի նախարարը հայ է, ունենք հայ ռեկտոր, մարզիկներ, ձեռնարկատերեր: Նրանք երկրի զարգացմանն իրենց ավանդն են բերել: 27 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում երկկողմ կապերը խորացել են: Դրանք հիմնված են բարեկամության եւ հեռանկարների ընդհանուր տեսլականի վրա: Ուրուգվայը եւ Հայաստանը միանման դիրքորոշում ունեն ՄԱԿ կանոնադրության վրա հիմնված խաղաղության եւ միջազգային անվտանգության վերաբերյալ»,- նշեց ուրուգվայցի նախարարը:

Նա հիշեցրեց, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ավելի ուշ օրենսդրական մակարդակով ապրիլի 24-ը սահմանել է զոհերի հիշատակի օր: Այդ օրը հեռուստատեսությունը եւ ռադիոն պարտադիր կարգով պետք է ժամանակ հատկացնեն այս թեմայով միջոցառումներին:

Նախարարը նաեւ նշեց, որ երկրների միջեւ առկա է բավականին ընդարձակ պայմանագրա-իրավական բազա: Ուրուգվայը պատրաստ է Հայաստանին փոխանցել իր փորձն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, կլիմայի փոփոխությունը, վերականգնվող էներգետիկան, առողջապահությունը: Նրա խոսքով՝ գլխավոր հյուպատոսության բացումը կդառնա հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն եւ դրանք խորացնելու եւս մեկ քայլ:

«Հայ ժոովրդի պատմության արմատները քաղաքակրթության ակունքներում են»,- եզրափակեց Ուրուգվայի ԱԳ նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: