Հայերեն   English   Русский  

Փաստաբանը Յուրի Խաչատուրովի հարցով դիմել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին


  
դիտումներ: 216

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը գրություն է ուղարկել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14–ին Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստում տեղեկացրեց Հարությունյանը։

Փաստաբանը խնդրել է Քոչարյանին՝ տեղեկացնել, արդյոք 2016թ. ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովը քննության առարկա դարձնելու է նաև Յուրի Խաչատուրովի մասնակցությունը ապրիլյան ռազմական գործողություններին։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը դեռևս 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Պատասխանող Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը առարկել է ներկայացված հայցի դեմ՝ կարծիք հայտնելով, որ ասուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են և վերաբերելի չեն կոնկրետ անձի, մինչդեռ հայցվոր կողմի պնդմամբ՝ այդ արտահայտություններն ուղղված են եղել հենց Խաչատուրովին և արատավորում են նրա պատիվն ու արժանապատվությունը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։ Նա մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: