Հայերեն   English   Русский  

Դուք շատ փոքր ֆիգուր եք, այս գռեհկության համար ես Ձեզ չեմ մեղադրում. Արման Բաբաջանյանը Դավիթ Անանյանին


  
դիտումներ: 64

Այսօր ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է իրեն կոռուպցիայի մեջ մեղադրողներին ու նախկին իշխանության կադր համարողներին: Անանյանն այդ պատասխանով, որը ոչ այլ ինչ է քան գռեհկաբանությունը, երիցս հաստատել է, որ նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ է, քանի որ հրապարակային խոսքի համար ընտրել է նախկիններին այդքան հոգեհարազատ էժանագրությունը:

Բայց խնդիրը նրա գրառման ոճը չէ, այլ այն, որ ՊԵԿ ղեկավարը՝ իրեն ուղղված կոնկրետ, առարկայական կոռուպցիոն մեղադրանքներին որևէ փաստարկված պատասխանի բացակայության պատճառով արձագանքում է նման լիրիկական զեղմամբ: Մինչդեռ Անանյանին ներկայացվող մեղադրանքները շատ որոշակի են՝ բացահայտվել է ՀԴՄ-ների գտնման գործընթացում հանցավոր ճանապարհով պետությանը հասցված խոշոր չափի վնաս հասցնելու սխեմա: Այդ մասին Անանյանը լռում է՝ ապարդյուն փորձ կատարելով ապացուցել, որ ինքը նախկինների կադրը չէ:

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին տնտեսական բլոկում բարձր պաշտոններ զբաղեցրած սույն «հեղափոխականը»՝ ջանալով իրեն ներկայացնել որպես նոր իշխանության կադր, իր հանցավորության ողջ պատասխանատվությունը դնում է այդ իշխանության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին:

Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այն իրողության համար, որ հեղափոխությունից մեկուկես տարի անց էլ պետական համակարգը լցված է կամ նախկին կոռուպցիոն համամակարգի կարկառուն ներկայացուցիչներով, կամ նորելուկ թերուսներով, որոնց մի մասը պետությանը վնաս է հասցնում նախկին բարքերով աշխատելու, մյուս մասը՝ ընդհանրապես աշխատել չկարողանալու պատճառով:

Այս իրավիճակի քաղաքական թիվ մեկ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, քանի որ նրա վարած կադրային քաղաքականության արդյունքում է Հայաստանի պետական կառավարման համակարգը հայտնվել մի վիճակում, որը Նիկոլ Փաշինյանի իսկ նկարագրած ձախողված պետության շարունակողն է: Իսկ դավիթանանյանները այդ ձախողված, կաթվածահար եղած համակարգի կարկառուն ներկայացուցիչներն են, որոնք այսօր էլ շարունակում են իրենց կարկառունի կարգավիճակը նոր Հայաստանում»,-գրել է Բաբաջանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: