Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատարանը ամբաստանյալներից Արմեն Պողոսյանին թույլ չտվեց լքել երկիրը


  
դիտումներ: 293

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանն այսօրվա դատական նիստում միջնորդեց գործով ամբաստանյալներից երկուսին ապահովել հանրային պաշտպաններով։ Պաշտպանական կողմը չառարկեց ներկայացված միջնորդության դեմ։ Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատին՝ Հանրային պաշտպանի գրասենյակից գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին պաշտպան տրամադրելու համար։

Այսօրվա նիստում ամբաստանյալ Արմեն Պողոսյանը խնդրեց դատարանին՝ թույլ տալ, որպեսզի բուժման նպատակավով 10 օրով բացակայի Հանրապետությունից։

Ամբաստանյալը հայտարարեց, որ թունավոր զոբ ունի. «Ռոստովում պետք է պրոֆեսորներ զննեն»,–պատճառաբանեց նա՝ նշելով, որ ցանկանում է հետազոտվել ՌԴ–ում։

Նախագահող դատավորը, սակայն հայտնեց, որ ամբաստանյալը պետք է պատշաճ կերպով հիմնավորի, որ իր հիվանդությունը Հայստանում հնարավոր չէ բուժել։

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 21–ին։

Նշենք, որ 2018թ. հունիսի 15–ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել էր Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանն եւ Արմեն Պողոսյանի խափանման միջոցները՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշել էր գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: