Հայերեն   English   Русский  

Բողոքող դասախոսները մրցույթի 13 չափանիշներից ընտրում են մի քանիսը, որ հասարակության մեջ կարող են քննարկումների առիթ դառնալ. Ռուբեն Հայրապետյան


  
դիտումներ: 47

Այսօր՝ օգոստոսի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ վերջին շրջանում իր անձի շուրջ առաջացած լարված իրավիճակին, համալսարանի մի խումբ դասախոսների բողոքին ու բուհում սկսված փոփոխություններին:

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում գործատուները դժգոհում են, որ Տնտեսագիտական համալսարանն ավարտած ուսանողները սովորական դրամական հոսքերի ներկա արժեքը չեն կարողանում հաշվել, գնում են մասնավոր դասընթացների, որպեսզի շուկայում մրցունակ դառնան:

«Սա այն իրավիճակն է, որը նկատելով մենք սկսեցինք փոփոխություններ նախաձեռնել: Նախ նշեմ, որ դասաժամերի վճարը բարձրացվել է 3 անգամ: Եթե նախկինում 1 դասաժամի համար դասախոսը վարձատրվում է 1500 դրամի չափով, ապա հիմա 4500 դրամ է դարձել:

Մյուս կարևոր քայլ, որ կատարել ենք, այն է, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից բացառել ենք միջնորդությունները, այն արատավոր պրակտիկան, որ տարիներ շարունակ եղել է համալսարանում: Ես կարող եմ երաշխավորել, որ այս ամիսների ընթացքում, որ ես եմ կառավարում բուհը, որևէ միջնորդություն ուսանողի համար վերևից չի իջեցվել: Այս մոտեցումը ես պարտադրել եմ բոլոր օղակներին»,-ասաց Հայրապետյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիոն ռիսկերի վերացումն էր պատճառը, որ հունվարի քննաշրջանի արդյունքում շուրջ 125 ուսանող դուրս մնաց համալսարանից:

«Իհարկե ուսանողները սկսեցին դժգոհել, որ փոփոխությունները շատ կտրուկ են ու իրենք չէին կարող կարճ ժամանակում հարմարվել այդ փոփոխություններին: Բայց այդ դժգոհությունները նման են այսօր բողոքող դասախոսական անձնակազմի դժգոհություններին: Դժգոհությունների պատճառ դարձած փոփոխությունները մենք երբ նախաձեռնում էինք, ես նիստերի ընթացքում ասում էի, որ մեր միակ նպատակն է, որ բացառենք բոլոր այն դեպքերը, որ ուսանողն անպատրաստ գալիս է քննության և ինչ-ինչ մեխանիզմներով ստանում է գնահատական: Կարող եք զրուցել բոլոր դասախոսների հետ, այդ թվում նաև բողոքող, կասեն, որ որևէ հրահանգ չեն ստացել անօրինական գործողություն կատարելու»:

Ըստ Ռուբեն Հայրապետյանի՝ մյուս կարևոր բարեփոխումը համալսարանում այն է եղել, որ իրենք բացառել են դասախոսությունները թելադրության մեթոդով: Վերջինս խոսեց նաև դասախոսների ընտրության մրցութային նոր կարգի մասին, որը լուրջ դժգոհությունների առիթ է դարձել վերջերս:

«Այս ամբողջ ընթացքում մեզ համար կարևոր փոփոխություն էր դասախոսների իրական մրցույթի անցկացումը: Սա կարևոր քայլերից մեկն էր, որ պետք է երաշխավորեր բոլոր այն փոփոխությունները, որ մենք նախաձեռնել էինք, սակայն առկա ռեսուրսներով մենք մեզ համար թիրախավորված նպատակներին չէինք կարող հասնել: Այդ պատճառով կազմակերպեցինք դասախոսների մրցույթ: Կարող եմ այն ամփոփել ու ասել, որ մենք ստացել ենք շատ լավ արդյունքներ, որը սեպտեմբերից գործի դնելուց հետո ես համոզված եմ, որ փոխելու է իրավիճակը համալսարանում: Ես համոզված եմ, որ առաջին ամսվանից սկսած ուսանողները հասկանալու են՝ ինչի համար էին այս պայքարն ու փոփոխությունները»:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք դասախոսների մրցույթի կարգը հաստատվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, Հայրապետյանը պատասխանեց. «Ըստ օրենքի՝ մրցույթի կարգը որոշում է բուհը, այլ ոչ թե նախարարությունը, հաստատվել է գիտական խորհրդի կողմից: Ընդ որում՝ նիստը տևել է 4 ժամ, քննարկումների արդյունքում հաստատվել է կարգը: Ըստ կարգի՝ մրցույթում ստուգվել են դասախոսների գիտելիքները անգլերենից, ռուսերենից, նրանց մաթեմատիկական հմտությունները, բազային գիտելիքները, եղել է ավելի քան 13 չափորոշիչ, սակայն բողոքող մեր կոլեգաները միտումնավոր մրցույթի 13 չափանիշներից ընտրում են այն մի քանիսը, որոնք հասարակության մեջ կարող են քննարկումների առիթ դառնալ: Օրինակ անգլերենի իմացությունը: Նրանք բարձրաձայնում են, որ պարտավոր չեն անգլերեն իմանալ, պետք է ասեմ, որ չկա նման բան, չափորոշիչներից ընդամենը մեկն է անգլերենի իմացություն պահանջում, որը տալիս է 1 միավոր»:

Հայրապետյանը նշեց, որ մրցույթի անցկացման համար ստեղծվել է հանձնաժողով, որը կազմված է 5 անդամից: նրանց թվում են տվյալ ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչը, մարդկային ռեսուրսների կառավարման կենտրոնի ներկայացուցիչը, որակի ապահովման բաժնի ներկայացուցիչը, ռեկտորատի ներկայացուցիչը:

«Եթե բողոքողներն ասում են, որ հանձնաժողովն իրենց չի ընտրել սուբյեկտիվ պատճառներով, ապա միթե՞ սուբյեկտիվ պատճառներից ելնելով չէր, որ նախկինում մի դասախոսի մի երկու դասաժամ էին հատկացնում, իսկ մյուսին չափից շատ: Մենք ոչ մի կերպ չենք կարող բացառել սուբյեկտիվությունը»,-հավելեց Հայրապետյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: