Հայերեն   English   Русский  

Մարդիկ, որ անգամ սեփական ատենախոսության հեղինակը չեն, քննադատում են, որ իմ ատենախոսւոյթան մեջ հղումների հետ կապված խնդիրներ կան


  
դիտումներ: 86

Ռեկտորի պաշտոնակատար դառնալուց հետո էլ ես շարունակել եմ աշխատել իմ դոկտորական ատենախոսության վրա, անգամ որոշ հատվածներ իմ հետազոտությունից ուղարկել եմ միջազգային ամսագրերին, որպեսզի պրակտիկայում դրանք օգտագործվեն, ու այսքանից հետո հայտնվում են այնպիսի մարդիկ, որ սեփական ատենախոսության հեղինակը չեն անգամ ու քննադատում են, որ իմ ատենախոսության մեջ կան հղումների հետ կապված խնդիրներ:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով համալսարանի մի խումբ դասախոսների բողոքին՝ կապված իր ատենախոսության ու դասախոսների մրցույթի անցկացման նոր համակարգի հետ:

Ըստ նրա՝ իր անձի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկը ուռճացված է:

«Ամեն ինչ ներկայացնում են այնպիսի քողի ներքո, որ լսողները սկսում են կարծել, թե իմ ատենախոսությունն արտագրված է: Երբ ես թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էի, որ մարդիկ կան բողոքող դասախոսների մեջ, որ անգամ իրենց ատենախոսության հեղինակը չեն, բայց ինձ մեղադրում են, հաջորդ օրը բողոքող դասախոսը գնացել էր իր ատենախոսության հեղինակի մոտ, որ ճշտի՝ արդյոք ինչ-որ մեկը գիտի, որ ինքը չէ իր ատենախոսության հեղինակը»,-ասաց Հայրապետյանը:

Ըստ նրա՝ բուհում սկսված փոփոխությունները նպատակ ունեն պետությանը որակյալ կադրերով ապահովելու:

«Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելուց հետո մի խնդիր էր դրված իմ և մեր թիմի առջև, որ ՀՊՏՀ-ն դարձնենք մի հարթակ, որ այն մարդիկ, որոնք տիրապետում են համապատասխան կոմպետենցիաներին, ունեն տվյալ հմտությունները և կարողությունները, կարողանան վերարտադրել իրենց: Մեր տնտեսության մեջ կա որակյալ մասնագետների պակաս, այդ պատճառով մենք փորձում ենք հնարավորություն տալ այն բոլոր մարդկանց, մասնագետներին, որոնք կարող են իրենց գիտելիքները փոխանցել ուսանողներին: Մենք տնտեսագիտական համալսարան չենք, մենք պետության տնտեսագիտական համալսարանն ենք, որ պետք է տնտեսագետներով ապահովենք պետությանը»:

Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ բուհում մեկնարկած փոփոխությունները, որ հաճախ դժգոհությունների առիթ են դառնում ուսանողների և դասախոսների համար, արվում են հենց այս նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: