Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 555

Անցնող շաբաթը, որ նշանավորվեց գաղտնաղերծումների տարօրինակ գործընթացներով, որոնք կարելի է որակել որպես գաղտնի գաղտանզերծում, սկսվեց նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատուկ հիշատակած գաղտնի փաստաթղթի շուրջ տաք քննարկումներով:

Հիշեցնենք, որ հեղինակներին որևէ հղում չանելով՝ նա խոսեց բովանդակության մասին, ըստ որի՝ դեռ մոտավորապես (՞) 2014 թվականին Հայաստանը համարվել է ձախողված պետություն: Սա, իհարկե, բացառիկ երևույթ էր, գուցե պատմական, երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս իր երկրի մասին այդպես արտահայտվել, այն էլ՝ պատերազմող երկրի: Սա ցույց տվեց, որ ներկայիս իշխանության համար նախկիններին քննադատելու մղումը գերակա է երկրի շահերից, ուստի արձագանքները բավական խիստ էին և զգացմունքային:

Չանցած երկու օր՝ աղմուկ բարձրացավ մի այլ գաղտնի փաստաթղթի կապակցությամբ: Հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործը վարող ՀՔԾ-ի հարցաքննությունների արձանագրությունները դարձել են ԲիԲիՍի-թղթակցի սեփականությունը, որն էլ հաճույքով դրանք դարձրեց դրսի հանրության սեփականությունը: Պարզվեց, որ ըստ ՀՔԾ-ի վարկածի՝ մարտի 1-ին հատուկ ջոկատ է բերվել Արցախից Երևան ցուցարարներին ճնշելու նպատակով, և այդ ջոկատի հրամանատարը եղել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: ԲիԲիՍի-ի հրապարակումն ակնհայտ միտումնավոր էր, պատվիրված, և նպատակն էլ Արցախի հեղինակազրկումն էր: Ուստի գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է քննչական ծառայության գաղտնի փաստաթուղթն անցել օտար թղթակցի ձեռքը և ով է տվյալ հրապարակման պատվիրատուն:

Երկու դեպքում էլ հասարակությունը պահանջ ներկայացրեց, առաջին դեպքում ցույց տալ փաստաթուղթը, որպեսզի պարզվի՝ այն իրականում գոյությունի, թե ոչ, երկրորդ դեպքում քրեական գործ հարուցել և պարզել, թե ում միջոցով է տեղի ունեցել տվյալ արտահոսքը: Երկու դեպքում էլ պահանջը չբավարարվեց: Առաջինի վերաբերյալ հարցադրումն անպատասխան մնաց, իսկ երկրորդի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Հետևաբար ոչ անհիմն կարծիք հայտնվեց, որ գործ ունենք ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ պետական դավաճանության հետ, որի պատասխանատվությունն ընկնելու է առաջին հերթին քաղաքական իշխանության և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Իսկ մինչ հասարակությունը քննարկում էր հիշյալ փաստաթղթերը, վարչապետն արդեն Արցախի ճանապարհին էր և տոնական տրամադրության մեջ: Բայց նախ հանգրվանեց Սյունիքում՝ Խնձորեսկում և ներկա գտնվեց նոր հրապարակի բացման արարողությանը, ապա հասնելով Ստեփանակերտ՝ մեկժամանոց ելույթ ունեցավ հանրահավաքում, որը դեռ մի քանի օր առաջ էր հրավիրել: Հանրահավաքում հայության երեք հատվածների ներկայացուցիչներն էին՝ մայր Հայաստանի, Արցախի և սփյուռքի, որոնք հավաքվել էին Արցախում՝ անցկացնելու Համահայկական 7-րդ խաղերը: Փաշինյանն այս ելույթով ազդարարեց հեղափոխության սահմանների ընդլայնումը, միասնականության կոչեր արեց, հեղափոխությունը հռչակեց համահայկական և մի քանի այսպես կոչված կոնսեսունսներ թվարկեց: Դրանցից մեկը որոշակիորեն վերաբերում էր Արցախում կայանալիք ընտրություններին: Նա հայտարարեց, որ ժողովուրդն է իշխանություն ձևավորողը, և Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանը լինելու է ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորը, կարծես մինչ այս Արցախում ժողովուրդը չի եղել իշխանություն ձևավորողը: Իհարկե, այժմ էլ վարչապետի արտահայտած մտքերը քննարկման առարկա դարձան ոչ միայն երկրի ներսում, այլև հարևան երկրում:

Երգիծանքի առարկա դարձան Փաշինյանի սահմանած նշաձողերը ապագայի վերաբերյալ, մանավանդ՝ ժողովրդագրական թռիչքը, մինչդեռ նրա «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունն Ադրբեջանում ջղաձիգ հայտարարությունների առիթ դարձավ:

Հաջորդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը:

Իսկ Երևանում վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, այն է՝ բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։

Սակայն անցած շաբաթ արձանագրվեց նաև, որ Քոչարյանի գործի դատավարությունը մտել է փակուղի։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելուց հետո նոր դատավոր չի նշանակվել, և գործընթացը կասեցվել է: Փաստորեն նախկին նախագահը կալանավորվել է անժամկետ՝ իր կալանքի մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալով:

Այս իրավիճակում փոքր-ինչ հուսադրող տեղեկություն ստացվեց Ստրասբուրգից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Այնտեղ ստացել են Սահմանադրական դատարանի դիմումը քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար և որոշել են այն քննարկել առաջնահերթության կարգով։

Իսկ Միացյալ Նահանգներում նույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի 89 պատգամավոր միացավ Թի Ջեյ Քոկսին և Բրադ Շերմանին, որոնք նամակ էին հղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ կոչ անելով չդադարեցնել Արցախում ականազերծման մարդասիրական ջանքերը: Ավելի ուշ այս կոչին միացավ արդեն Սենատի 29 պատգամավոր:

«Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարեց, որ մտադիր է ձմեռային սեզոնին դադարեցնել դեպի Գյումրի չվերթները օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման պատճառով։ Քաղավիացիայի վարչության դեռատի ղեկավարը շտապեց հայտարարել, թե խնդիրը լուծված է, խոստացավ հետաքննություն սկսել, որից հետո հանդիպել ավիաընկերության և օդանավակայանի ներկայացուցիչների հետ։ Սակայն տեղնուտեղը պարզվեց, որ ոչինչ էլ չի համաձայնեցվել, «Պոբեդա» ընկերությունը դեռևս թերլիցքավորման խնդիրները բացառելու երաշխիքներ չի ստացել։

Նորից ոտքի էին կանգնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները և պահանջում էին իրենց մեկ տարվա աշխատավարձը։ Նախորդ ակցիայի ժամանակ նրանք փակել էին ճանապարհը, այդ օրն էլ սպառնում էին նույնը անել, բայց անսալով ոստիկանության հորդորներին, որոշեցին սպասել ևս մի քանի օր։

Կառավարության հերթական նիստում որոշվեց զինծառայողների դրամական ապահովության չափն ավելացնել 1000 դրամով, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներինը՝ 2000 դրամով։ Նաև հաստատվեց մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը։ Զոհվածի իրավահաջորդը կստանա 30 միլիոն դրամ, ծանր և միջին վնասվածք ստացած անձը՝ 5-15 մլն դրամ:

Այդ ընթացքում կառավարության շենքի մոտ արդեն սովորական դարձած բողոքի ցույց էր: Այս անգամ եկել էին տնտեսագիտական համալսարանի դասախոսները և բողոքում էին ռեկտորի պաշտոնակատարի սահմանած նոր կարգերից։ Նրա հայտարարած պայմաններով թափուր դասաժամերի համար մրցույթին մասնակցած մոտ 450 դասախոսից 200-ը դուրս են մնացել բուհից։ Նրանք հայտարարեցին, որ ռեկտորի պաշտոնակատար երիտասարդ դոկտորը գրագող է: Մինչ այս նրանք այդ հայտարարության հիմնավորումը՝ մի մեծ փաթեթ, ներկայացրել էին բարձրագույն որակավորման կոմիտեին: Հրապարակում եղավ նաև այն մասին, որ երիտասարդ ռեկտորի պաշտոնակատարը կեղծել է իր կենսագրությունը՝ ներկայացնելով կառավարման փորձի մասին անստույգ տեղեկություն: Մինչդեռ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակավ աջակցություն հայտնեց ռեկտորի պաշտոնակատարին և համալսարանում ծայր առած նոր գործընթացներին:

Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում էր, ժամանել էր մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նրան ընդունեց Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Քանին որ ԵԱՏՄ նախագահող երկիրը Հայաստանն է, միջկառավարական խորհրդի նիստը սկսվեց Հայաստանի վարչապետի ելույթով։ Նա ներկայացրեց Հայաստանի սպասումները, ընդգծեց ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման կարևորությունը և հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի հետ քննարկել է ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը, և նա պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ խորհրդի նիստում 15 հարց է քննարկվել և փաստաթուղթ է նախապատրաստվում միության տարածքում ալկոհոլի վաճառքի խոչընդոտները վերացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նաև առանձնազրույց ունեցավ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են ընդհանուր օրակարգի հարցեր, անդրադարձել են մասնավորապես գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հարցերին։

Շաբաթվա վերջում նաև Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրվեց, որը վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Ավագանին որոշեց աղբի խնդրի լուծման համար 1 մլրդ 726 մլն դրամ հատկացնել։ Այս գումարի զգալի մասով՝ ավելի քան մեկուկես միլիարդով քաղաքապետարանը կգնի 5 սանիտարական մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոց, մայթեզրերի համար 22 ձնամաքրման մեքենա, 10 աղբատար, 3 մեքենա աղբարկղերի լվացման համար: 155 միլիոն դրամ կծախսվի 1000 նոր աղբարկղեր ձեռք բերելու համար։ Սակայն փոխքաղաքապետն այդպես էլ հստակ չպատասխանեց չտվեց՝ այդ ամենից հետո «Սանիթեքը» կհեռնա, թե ոչ»

Ուրբաթ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցն ընթանում էր ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք Արման Թաթոյանին ուղղված դիմում էին բերել Քոչարյանի գործով խախտումների վերաբերյալ: Դրանից հետո նրանք շարժվեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք և կոչ արեցին ապահովել դատարանների անկախությունը Հայաստանում։

Շաբաթվա երկրորդ մեծ անակնկալը, իհարկե, ԲիԲիՍի-ի հրապարակումից հետո, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթն էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շաբաթվա վերջում տեղադրեց Е-draft էլեկտրոնային կայքում: Եվ ահա պարզ դարձավ, թե ինչպես է որոշել իշխանությունը փոխել Սահմանադրական դատարանի կազմը և վերջնականապես լուծել իշխանության բոլոր թևերից դեռևս անկախ մնացած վերջին բաստիոնի հարցը: Այս փոփոխություններով, որոնք անկասկած կընդունվեն Ազգային ժողովում, իշխանությունը ընտրության առջև է կանգնեցնում դատարանի անդամներին, ավելի ստույգ՝ շանտաժի է ենթարկում նրանց: Կա՛մ ինքնակամ հրաժարական տալ և պահպանել հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանալ օրենքով նախատեսված կենսաթոշակ, կա՛մ իրենց նկատմամբ քրեական գործ կհարուցվի և իրենք կհեռացվեն դատարանից՝ զրկվելով ամեն ինչից: Իսկ թե ինչպես այդ գործերը կհարուցվեն, առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակն արդեն առկա է: Ամենուշագրավը թերևս այն է, որ սահմանադրական օրենքում նաև դատավորներին մտածելու համար վերջնաժամկետ է սահմանված՝ մինչև հոկտեմբերի 31-ը:

Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի տեսագրություն ուղարկեց Սյունիքից, որում երևում էր, թե ինչպես են մեր իշխանավորները պարում ճոճվող կամրջի վրա: Սա շատ խորհրդանշական պատկեր էր: Հետզհետե ավելի ու ավելի է խտանում այն տպավորությունը, որ ներկայիս իշխանությունը պարզապես պարում է մեր պետական կառավարման կառույցների վրա, որոնք ավելի ու ավելի են նմանվում հակասական անցյալն ու անորոշ ապագան միացնող ճոճվող կամրջի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: