Հայերեն   English   Русский  

Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համահայկական խաղերի 20-ամյակին տեղի է ունենում ամենափնթի միջոցառումը»


  
դիտումներ: 65

Համահայկական խաղերը՝ դրանց 20-ամյակին խայտառակ ցածր մակարդակի վրա են կազմակերպված: Խմբեր կան, ում՝ իրենց հետ աշխատող կամավորականները հազիվ են համոզում, որ վաղաժամ, խաղերի կեսից, չլքեն Հայաստանը:

Մասնակիցներից շատերը իրենց հաշվին են հասել հայրենիք, իրենց հաշվին հոգում են իրենց գիշերակացը, բայց կազմակերպիչները անգամ չեն կարողանում տարրական պայմաններն ապահովել խաղերի բնականոն ընթացքի համար: Թիմերին կցված չեն ավտոբուսներ, իսկ այստեղից-այնտեղից պարտադիր ուշացումով իրենց հասնող տարբեր ավտոբուսները պարբերաբար տեղ չեն էլ հասնում: Պատճառաբանությունը՝ "փչացել են": Կազմակերպիչները խոստանում են տեղափոխումներն ապահովել տաքսիներով, բայց դա էլ հիմնականում չեն անում: Ու շատ թիմերի մարզիչները երկար սպասելուց հետո՝ դա էլ են անում իրենք կազմակերպում ու կրկին՝ սեփական միջոցներով: Թիմերը, որոնք դեռ 2 ամիս առաջ ՀԽ կազմակերպիչների պահանջով ԾՐԱՐՈՎ են ուղարկել հայտերը՝ իրենց բոլոր տվյալներով եւ լուսանկարներով՝ Հայաստանում ստացել են առանց լուսանկարների բայջեր: Թե որն է պատճառը, որ 21-րդ դարի հաղորդակցության նորագույն միջոցների առկայության պայմաններում ՀԽ կազմակերպիչները հրաժարվել են թիմերից էլեկտրոնային հայտեր ընդունել՝ մնում է միայն կռահել: Խաղերի սփյուռքահայ մասնակիցների զգալի մասը խիստ դժգոհ է նաեւ գիշերակացի օբյեկտների պայմաններից, որոնք իրենց համար նախապես ամրագրել էին ՀԽ կազմակերպիչները:

Կան դժգոհություններ նաեւ մրցավարական կազմի ոչ-անաչառությունից: Շատ թիմերում արդեն խոսակցություններ կան, որ սա վերջին անգամն է, որ իրենք մասնակցում են Համահայկական խաղերին: Մյուսները ավելի տոկուն են ու ասում են, որ գիտեին, թե ուր են գալիս եւ մեծ սպասելիքներ չունեին:

Բացակայում են խաղացանկերը եւ խաղերի ժամանակացույցերը՝ անցկացման տեղերով եւ ժամերով՝ մարզասերների մասնակցությունը ապահովելու համար: Դրանք կամավորներին, ովքեր օժանդակում են թիմերին, ՀԽՀԿ-ի կողմից փոխանցվում են խաղերից մեկ օր առաջ միայն: բայց միեւնույն է, լոգիստիկ խնդիրների պատճառով գրեթե երբեք խաղերը ժամանակին չեն սկսվում: Խաղացանկերը չգտանք նաեւ ՀԽՀԿ-ի պաշտոնական էջում Ֆեյսբուքում: Իսկ պաշտոնական կայքում, որը հնարավոր եղավ գտնել միայն կազմակերպիչներից մեկի կողմից լինկը (հղումը՝ մեկնաբանության մեջ) ուղարկելուց հետո (ոչ մի որոնում չբերեց), վերջին օրը, որի համար ժամականակցույց է դրված օգոոստոսի 9-ն է...:

Մի բան որ Իշխան Զաքարյանն է կազմակերպում՝ առանց "լեւի" եկամուտներ ստանալու՝ ինչպե՞ս պետք է որակով կազմակերպվի: Մի մարդ, ով համահայկական խաղեր ասելով, հավանաբար, հասկանում է բացառապես բացման եւ փակման հանդիսավոր արարողությունները, որտեղ նա կարող է կանգնել երկրի բարձրագույն իշխանությունների կողքին ու աջուձախ ինքնագովերգող հարցազրույցներ տալ, կամ էլ խաղերին նվիրված տեսահոլովակը, որտեղ չեմպիոն մարզիկների կողքին "կհավերժացվի" նաեւ իր պատկերը եւ որով կհավաստիացվի մասնակիցներին, որ կազմակերպիչները պատրաստվում են նրանց "ցավը տանել":

Համահայկական խաղերի 20-ամյակին, փաստորեն, տեղի է ունենում ամենափնթի միջոցառումը, որը երբեւէ կազմակերպվել էր այս անվան տակ: Հետաքրքիր է, որ լրագրողները գրեթե չեն խոսեցնում մասնակից հյուրերին, թիմերի մարզիչներին՝ պարզելու համար նրանց դժգոհույթունների պատճառները:

Ընդ որում, խաղերի կազմակերպման պատասխանատուն է "ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ" հասարակական կազմակերպությունը, որի նախագա օրերս վերընտրվեց Իշխան Զաքարյանը, մինչդեռ հյուրերի եւ մասնակիցների մոտ տպավորություն է ձեւավորվել, որ կազմակերպիչը Հայաստանի Հանրապետությունն է:

Անհրաժեշտ է խաղերը վերջնականապես չտապալելու համար շտապ ներգրավվել պետական մարմիններին մասնակիցների տարրական լոգիստիկ խնդիրների ապահովման գործում, ինչպես դա արվեց Հուրգադայում պատանդ մնացած մեր հայրենակիցների դեպքում: Խաղերի մասնակիցները կազմակերպիչների փնթիության եւ անճարակության պատանդը չպետք է դառնան: Ապա՝ պետական մակարդակով ներողություն խնդրել մասնակիցներից անհարմարությունների եւ վատ կազմակերպման համար: Եւ վերջապես՝ այսուհետ պետք է վերցնել խաղերի կազմակերպումը պետության ձեռքը, ինչպեսեւ դա, միեւնույն է, ընկալվում է բոլորի կողմից, որպեսզի մյուս անգամ պետական մարմինների պատասխանատվության ներքո կազմակերպվի բարձր մակարդակի՝ Նոր Հայաստանին հարիր միջոցառում: Որպես նման որոշման հիմք կարող են ծառայել անանուն առցանց հարցաթերթիկները, որոնցում մասնակիցները, մարզիչները կգնահատեն խաղերի կազմակերպման մակարդակը, դրա տարբեր բաղադրիչներ: Եւ այդ հարցաթերթիկը պետք է կազմեն եւ տարածեն ոչ թե ՀՂՀԿ-ն, այլ համապատասխան պետական մարմին, օրինակ՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը: Ի դեպ, սա միակ դեպքն է, որ ես ոչ թե պետության կողմից քաղհասարակությանը իր գործառույթների պատվիրակման, այլ հակառակ գործընթացի ջատագովն եմ:






Մեկնաբանություններ - 1

agob.k     12.08.2019 ardasahmanen egogner hima lav haskajan inj bisin a ays anparoyaqan ichhanutyun yv viravorvaj u husatap bidi veratarnan hamayn hayutyun lav bidi hskanan ov a nikol u ir pogojayin sriganer sdahos u azki tavajanner
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: