Հայերեն   English   Русский  

Ղրղըզստանում հանդիպել են ԵԱՏՄ երկրների վարչապետները


  
դիտումներ: 495

Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով:

«Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը», - մասնավորապես ասել է Փաշինյանը: - «Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: