Հայերեն   English   Русский  

Աթամբաեւին տեղափոխել են մեկուսարան


  
դիտումներ: 102

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մինչեւ օգոստոսի 26-ը կլինի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:

«Մայիսմեկյան շրջանային դատարանի դատավոր Ադիլբեկ Սուբանկուլովը ԱԱՊԿ-ում շտապ արտագնա նիստ է անցկացրել եւ ընտրել խափանման միջոցը»,- հայտարարել է Սլեսարեւը:

Փաստաբանի խոսքով՝ Աթամբաեւին նախնական մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւին ապօրինի ազատելու գործով:

Աթամբաեւի ձերբակալությունը

Նախկին նախագահը ուժայիններին է հանձնվել հինգշաբթի երկարատեւ բանակցություններից հետո: Նրան՝ խորհրդականներ Ֆարիդ Նիյազովի եւ Կունդուզ Ժոլդուբաեւայի ուղեկցությամբ բերել են Բիշքեկ: Նախ՝ երկրի ՆԳՆ, այնուհետեւ տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենք:

Չորեքշաբթի ուժայինները Աթամբաեւին ձերբակալելու առաջին գործողությունն էին ձեռնարկել մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք հատուկ միջոցներ էին կիրառել նախկին նախագահին պաշտպանողների դեմ: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ էին բացել: Այդ ժամանակ չէր հաջողվել նախկին նախագահին ձերբակալել: Հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր:

Հինգշաբթի նախկին նախագահի կողմնակիցների եւ ուժայինների բախումները վերականգնվել էին: Տուժածների թիվը հասել է 98-ի:

Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաեւը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ եւ մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Աթամբաեւը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից եւ կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: