Հայերեն   English   Русский  

​Գյումրու հանրակրթական դպրոցը 6 ամիս է՝ տնօրեն չունի


  
դիտումներ: 1204

Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում մայիսին տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է անցկացվել, բայց դեռևս դպրոցը տնօրեն չունի:

Այս դպրոցում կատարված դեպքերին, հատկապես՝ կապված նախկին տնօրենի աշխատանքից ազատման հետ, «Անկախը» բազմիցս է անդրադարձել: Դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը 2018-ի ամռանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, հարուցվեց քրեական գործ, մարզի դատախազի միջնորդագրի հիման վրա էլ Շիրակի մարզպետը Մեսրոպյանին ազատեց աշխատանքից՝ մինչ այդ երկու անգամ կարգապահական տույժի ենթարկելով:

Նարինե Մեսրոպյանը դատարանում բողոքարկել է մարզպետի որոշումը և հայց ներկայացրել մարզպետի 2019 թ. փետրվարի 28-ի թիվ 32 որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջների մասին:

Որպես հայցի ապահովման միջոց, դատարանի մայիսի 26-ի որոշմամբ, Շիրակի մարզպետին ագելվել է թիվ 19 դպրոցի տնօրենի մասով երրորդ անձի հետ կնքել հիմնական աշխատանքային պայմանագիր: Նարինե Մեսրոպյանը թիվ 19 դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակվել է 2017 թ. փետրվարի 1-ի պայմանագրով, 5 տարի ժամկետով:

Մի քանի ամիս տևած դատավարությունում ներկայացվել, ուսումնասիրվել ու պարզաբանվել են գործին առնչվող տարբեր հանգամանքներ:

«2018 թ. հուլիսի 27-ին Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Գուրգեն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Գյումրու մի շարք քաղաքացիներ տարբեր ժամանակահատվածներում, որոշ դեպքերում էլ՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են ՀՀ-ից, դասապրոցեսներին չեն մասնակցել, մինչդեռ դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, նշված փաստերն արձանագրելու և օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել բացակայող աշակերտների՝ դասապրոցեսին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամով բացակայելու վերաբերյալ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ բացակայող աշակերտների թվաքանակով դպրոցն ստացել է ֆինանսավորում»:

Հետագայում Նարինե Մեսրոպյանն ընդունել է իր մեղավորությունը և վերականգնել պետությանը պատճառված վնասը, քրեական հետապնդումն էլ դադարեցվել է: Սակայն 2018 թ. օգոստոսի 17-ին Շիրակի մարզպետի որոշմամբ դպրոցի տնօրենը ենթարկվել է կարգապահական տույժի: Նրան հայտարարվել է նկատողություն՝ հիմք ընդունելով դատախազի որոշումը քրեական գործ հարուցելու մասին: Իսկ աշխատանքային պայմանագիրը լուծվել է՝ հիմք ընդունելով Շիրակի մարզի դատախազի միջնորդությունը և ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությունը:

Դատարանում Ն.Մեսրոպյանի ներկայացուցիչը մարզպետի որոշումն անհիմն է համարել նշելով՝ աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ, մինչդեռ տնօրենը կրկնակի տույժի է ենթարկվել: «Ենթադրյալ խախտման առկայության մասին գործատուն տեղեկացել է առնվազն 2018 թ. հուլիսի 27-ին: Աշխատողը կարող էր կարգապահական տույժի ենթարկվել խախտումը հայտնաբերելու օրվանից 1 ամսվա ընթացքում, մինչդեռ զբաղեցրած պաշտոնից Ն.Մեսրոպյանին ազատելու որոշումն ընդունվել է 2019 թ. փետրվարի 28-ին՝ 7 ամիս անց»:

Նախկին տնօրենն աշխատանքից ազատվել է «ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք» հիմքով: Դատարանը փաստել է, որ ո՛չ աշխատանքային պայմանագրով, ո՛չ դպրոցի կանոնադրությամբ, ո՛չ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի վրա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելու պարտականություն դրված չի եղել: Դատարանը գտել է, որ Մեսրոպյանը չի եղել այն սուբյեկտը, որի նկատմամբ կարգապահական տույժը կարող էր կիրառվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 122-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, հետևաբար, աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վերը նշված հիմքով լուծելն օրենսդրական պահանջներից չի բխել: Դատարանը նաև փաստել է, որ որևէ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով սահմանված չեն աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու այնպիսի հիմքեր, ինչպիսիք են դատախազի միջնորդագիրը կամ նախարարի առաջարկությունը:

Մեսրոպյանի ներկայացուցիչն էլ դատարանում հայտնել է, որ իր վստահորդի նկատմամբ դրսևորվել է սուբյեկտիվ ու խտրական վերաբերմունք, և ներկայացրել է մի շարք օրինակներ:

Դատարանը դպրոցի նախկին տնօրենի հայցը բավարարել է ամբողջությամբ, սակայն Շիրակի մարզպետարանը սահմանված ժամկետում բողոքարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը:

«Թիվ /1079/02/19 քաղաքացիական գործով, ըստ հայցի Նարինե Մեսրոպյանի ընդդեմ ՀՀ Շիրակի մարզպետի՝ ՀՀ Շիրակի մարզպետի 28/02/2019թ/ թիվ 32 որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հուլիսի 4-ին կայացված վճիռը պատասխանող ՀՀ Շիրակի մարզպետարանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»,- «Անկախին» հայտնեցին Շիրակի մարզպետարանից։

Մարիամ Խալաթյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: