Հայերեն   English   Русский  

Կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որ ես և Սամվել Բաբայանը հանդիպենք. Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 200

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ չհերքեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը կայացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ։

«Եկեք ես իմ բոլոր հանդիպումները, թե ում հետ երբ եմ հանդիպել՝ չներկայացնեմ հանրությանը։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել։ Մենք ի վիճակի ենք ինքնուրույն այստեղ նստել. կարիք չկա, որ ԱԱԾ պետը գա, որպեսզի մենք երկուսով նստենք։ Ես հնարավորություն ունեմ հանդիպելու Սամվել Բաբայանի հետ։ Ես հաճախակի հանդիպում եմ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի հետ»,–ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ վերջերս պատահական հանդիպել և զրուցել է Սամվել Բաբայանի հետ։

«Եթե փողոցում տեսնում ենք՝ բարևում ենք, սրճարանում տեսնում ենք՝ զրուցում ենք, ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ»։

Անդրադառնալով առաջիկայում Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ Հարությունյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունում չի լինելու միասնական թեկնածու: Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցներն էին նման հայտարարություն տարածել, որ Արցախում պետք է լինի միասնական թեկնածու։

«Ես չեմ կիսում այն միտքը, որ տարբեր գործիչներ հայտարարում են, որ Արցախում պետք է լինի միասնական թեկնածու։ Թե ի՞նչ իշխանություն է ձեւավորվելու, որոշելու է ժողովուրդը, իր ընտրության եղանակով։ Դուք ո՞վ եք, որ դուք եք որոշում՝ ով պիտի լինի թեկնածու։ Կա Սահմանադրություն, Սահմանադրության համապատասխան՝ ցանկացած ոք իրավունք ունի առաջադրվելու, եւ ժողովուրդն է որոշելու՝ ով է լինելու նախագահը, եւ ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու։ Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականությամբ, եթե քաղաքական գործիչներ են, եւ ներկայացնեն ծրագիր, իրենց պապայի տեղ չդնեն՝ որոշեն, ով ունի իրավունք առաջադրվելու եւ դառնալ թեկնածու։ Գոնե ձեր շուրջը հավաքեք մի քանի հոգի կամ օրենքի համապատասխան քաղաքական ուժ ձեւավորելու համար թիմ, հետո քաղաքական հայտարարություններ արեք։ Այսօր «Ազատ հայրենիքը» հայտարարում է՝ դեմ է միասնական թեկնածուին։ Կարող են լինել կոալիցիոն թեկնածուներ, պայմանավորվածություններ, համաձայնություններ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է հեռանա մինչեւ ընտրություններ եւ չեզոք անձ թեկնածություն ներկայացնի, Հարությունյանն ասաց, որ այդ տեսակետը չի կիսում.

«Չեմ կիսում այն տեսակետը, որ պետք է Բակո Սահակյանը հրաժարական տա, եւ ինչ-որ անկախ թեկնածու պետք է լինի։ Այդ իրավունքը տված է ժողովրդին։ Երկրի ղեկավար կազմի ընտրության իրավունքը տրված է ժողովրդին։ Ոչ Սամվել Բաբայանը, ոչ Արայիկ Հարությունյանը իրավունք չունեն թելադրելու քաղաքական պրոցեսներում»։

Հարցին՝ արդյոք Արցախի նախագահը կարող է երկրում կայանալիք նախագահական ընտրությունների արդար անցկացումն ապահովել, Հարությունյանն ասաց, որ ոչ թե Բակո Սահակյանը պետք է երաշխավորի, այլ՝ Սահմանադրությունն ու օրենքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: