Հայերեն   English   Русский  

Համահայկական hայագիտական օլիմպիադան՝ իբրև մշակութային գլխավոր արժեքի պահպանման երաշխիք


  
դիտումներ: 1201

Վեց երկրների 80 աշակերտ հավաքվել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` մասնակցելու Համահայկական հայագիտական 9–րդ օլիմպիադային։

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադայի բացումը:

Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` ընդգծելով, որ հայագիտական օլիմպիադան կարևոր է պետության համար, հայոց լեզվի՝ իբրև մշակութային գլխավոր արժեքի պահպանման երաշխիք: Նախարարի տեղակալի խոսքով` օլիմպիադայի գլխավոր նպատակը, ոչ թե մրցութային մասն է, այլ առաջին հերթին մշակութային բաղադրիչը, որը մասնակիցների համար հնարավորություն է` լավ ճանաչելու հայկական մշակույթը.

Համահայկական հայագիտական 9–րդ օլիմպիադա

«Հայոց լեզուն մեր մշակույթի ամենակարևոր հենասյունն է, բայց հակառակ պնդումը նույնպես ճիշտ է` մեր մշակույթն ու արվեստն իրենց ամբողջությունը կարողանում են գտնել հայոց լեզվի միջոցով: Հայերեն տառերով մենք գրել ենք և շարունակելու ենք գրել մեր պատմությունը, ստեղծագործել ենք և շարունակելու ենք ստեղծագործել հայերենով: Հայոց լեզվով մենք կարողացել ենք պատմել անցյալի մեր վիշտն ու ուրախությունը: Կարողանալու ենք նաև պատմել, թե ինչ հաջողություններ ենք ունենալու»-, նշել է Արևիկ Անափիոսյանը` հավելելով, որ օլիմպիադան գործիք է` նպաստելու Հայաստանից դուրս հայերենի պահպանմանը:

Մասնակիցներին ողջունել են նաև ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ, օլիմպիադայի հայոց լեզվի և գրականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, օլիմպիադայի հայոց պատմության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Մովսիսյանը:

Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 5-11-ը` Աղվերանում: Այս տարի օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ գաղթօջախների ` Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Քուվեյթի 80 ներկայացուցիչներ:

Բացի հիմնական մրցույթներից՝ լեզվի, գրականության, պատմության և հայ մշակույթի պատմության, անցկացվելու են հայկական երգի և պարի լրացուցիչ նախասիրական մրցույթներ: Օլիմպիադային մասնակցում են 14-18 տարեկան հայագիտության անհրաժեշտ իմացություն ունեցող հայկական կրթօջխաների սաները:

Համահայկական օլիմպիադային մասնակցության հնարավորություն ունեն նաև այն պատանիները, ովքեր չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից:

Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնել ոչ միայն հայերենին չտիրապետող սփյուռքահայ աշակերտներին, այլև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի պատանիներին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանի խոսքով` օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Քուվեյթի 14-15 տարեկան հայագիտական հայկական կրթօջախների սաները։

«Օլիմպիադայի նպատակը հայագիտությամբ հետաքրքրվող երեխաներին մեկ գաղափարի շուրջ հավաքելն է։ Սա իրականում դասական օլիմպիադա չէ, քանի որ շեշտը դրվում է հայրենիքը ճանաչելու վրա»,–ասաց նա։

Մնացականյանը ևս կարծում է, որ այս օլիմպիադայում մասնակցությունն ավելի կարևոր է, քան հաղթանակը, քանի որ այն նաև ճանաչողական բնույթ ունի. օլիմպիադայի մասնակիցները կայցելեն «Սևանի ազգային պարկ», Սևանավանք, նրանց համար կկազմակերպվեն դասախոսություններ` հայաստանյան պեղումների վերաբերյալ։ Բացի այդ, նախատեսվում է նաև այցելել Կոմիտասի թանգարան, հայկական երգ ու պարի ուսուցում և այլն։

Նշենք, որ համահայկական օլիմպիադաներն իրականացվում են 2003 թվականից` երկու տարին մեկ անգամ, պետական միջոցներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: