Հայերեն   English   Русский  

Վերաքննիչը բեկանել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն թույլատրելու որոշումը


  
դիտումներ: 264

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր՝ օգոստոսի 5–ին որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։

Ըստ այդմ՝ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու գործողությունը ճանաչվելու է անթույլատրելի ապացույց և աշխատասենյակից առգրավված իրերը ենթակա չեն լինելու որպես ապացույց օգտագործման։

Հիշեցնենք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։

Նշենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: