Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 496

Անցնող շաբաթն անցավ բավական շիկացած և ոչ միայն 40 աստիճանի սահմանը հատած սաստիկ շոգի պատճառով:

Չարագուշակ լուրեր սահմանից, խոշոր վթարներ, չթուլացող լարված իրավիճակ ներքաղաքական կյանքում:

Շաբաթը սկսվեց նախորդ երկու օրերին ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների կրակոցից պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանի զոհվելու և ևս երկու պայմանագրային զինծառայողի վիրավորման մասին լուրերի հետևանքով առաջացած ծանր տրամադրությամբ: Արտգործնախարարությունը հերթական անգամ հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ: Սակայն թե՛ դա, թե՛ ողջ շաբաթվա ընթացքում ընտանիքի հետ արձակուրդը վայելող վարչապետի հրապարակած ռոմանտիկ լուսանկարները չցրեցին լարված մթնոլորտը, որն էլ ավելի սրվեց հետագա իրադարձությունների հետևանքով:

Շաբաթն սկսվեց նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցման մասին լուրով և փաստաբանների աննախադեպ ակցիայով: Ավելի քան 100 փաստաբան պաշտոնապես պատրաստակամություն հայտնեց ստանձնելու դատավորի պաշտպանությունը՝ խայտառակություն որակելով այդ որոշումը և հայտարարելով, որ այդպիսով փաստացի թաղվում է անկախ դատական համակարգը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցումը փաստորեն համընկավ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման տարելիցի հետ: Այդ կապակցությամբ ասուլիս տվեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այնուհետև «Գոլոս Արմենիի» թերթին հարցազրույց տվեց Ռոբերտ Քոչարյանը՝ արձանագրելով, որ երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի, իսկ հիսթերիայի մեջ ընկած իշխանությունը, որ վաղուց արդեն դեն է նետել արդարության համար պայքարողի դիմակը, երկար մնալու հեռանկար չունի, նրա հարցը կորոշվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

Ամբողջ շաբաթվա ընթացքում շարունակեցին կրքեր բորբոքվել քաղաքապետարանի շուրջը, մասնավորապես աղբահանության և վտանգավոր դարձած վերելակների կապակցությամբ (վերջին օրերին նույնիսկ երկու մարդ զոհվեց վերելակի խափանումից, քաղաքն էլ շարունակեց թաղված մնալ աղբի մեջ): Լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ «Սանիթեք» ընկերության նկատմամբ իշխանությունները որոշել են քրեական գործ հարուցել և կալանավորել, ընկերության ղեկավարներն իմացել են այդ մասին և լքել երկիրը: Սակայն շաբաթվա վերջում ընկերության տնօրինությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրելով քաղաքի իշխանություններին բանակցությունները միակողմանի ընդհատելու և անհիմն քրեական գործերով ընկերությանը սեփականազրկելու մեջ:

Մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված «Եռաբլուրի» միջադեպի հետ: Պղծել էին ապրիլյան քառօրյայում հերոսաբար ընկած Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Բենիամին Եղոյանի և այլոց շիրիմները: Պարզվեց, որ մինչ այդ ահազանգեր էին եղել այլ գերեզմանտներում հանգչող ննջեցյալների հարազատներից, որոնց ոստիկանությունը լուրջ չէր վերաբերվել: Ակնհայտ էր, որ այս խայտառակությունը տեղի չէր ունենա պանթեոնում պատշաճ հսկողություն կազմակերպելու դեպքում: Ոստիկանությունը կարճ ժամանակում հայտնաբերեց մեղավորին՝ միջին տարիքի մի կնոջ։ Նա իրավապահներին խոստովանել է, որ «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում այրված մոմ է լցրել շիրմաքարերին անեծքը հանելու համար:

Արձակուրդի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Գեղարքունիքի մարզի գյուղեր: Ուշագրավ էր հատկապես նրա ժամանումը Կալավանի համայնք, ուր այցելեց հյուրատներ և ծանոթացավ զբոսաշրջիկների համար ստեղծված պայմաններին: Այս ամենից տպավորված՝ վարչապետը տարօրինակ որոշում կայացրեց, գյուղում տուրիզմի զարգացմանը նպաստած Ռոբերտ Ղուկասյանին նշանակեց իր խորհրդական, որպեսզի նա Կալավանի հաջողված փորձը տարածի Հայաստանի այլ գյուղերում։

Իսկ շաբաթվա վերջում նա կառավարության անդամների և պատգամավորների մեծ կազմով այցելեց Սևան՝ հանդիպելու «Սևան Ստարտափ Սամմիթ-2019»–ի մասնակիցների հետ։ Այնտեղ շուրջ 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից ներկայացնում էր իրենց նոր գաղափարները: Նրանց հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը փողից ավելի կարևոր համարեց գաղափարը, քանի որ համոզիչ լինելու դեպքում փող կգտնվի, նոր Հայաստանն էլ հայտարարեց մի մեծ, հաջողված ստարտափ:

Վարչապետն ակտիվ էր այս շաբաթ նաև լայվերով, որոնք, սակայն, ոչ թե հանրապետության բնակչությանը հուզող առանցքային հարցերի մասին էին, այլ իր անձի, մասնավորապես՝ իր համեստ կենցաղի և իրեն հանիրավի քննադատող լրատվամիջոցների կշտամբանքների մասին: Այդպիսով նրա նշանավոր «բառարանում» կոռումպացված տարրերի և հին իշխանության տարրերի հասցեին արված արտահայտությունների կողքին (ասֆալտին փռել, պատերին ծեփել, բոլորին բոմժ դարձնել, բուդկա դարձրած ՍԴ և վնգստացող դատավորներ և այլն) ավելացավ «պեռաշկին»: Նա արձանագրեց, որ նախկինները փաստորեն դեռ այնքան փող ունեն, որ պեռաշկի առնելուց բացի, կարողանում են լրատվամիջոցներին կաշառել:

Հինգշաբթի կառավարության նիստը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ արձակուրդում էր, վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այս նիստում կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Նորագավիթից Գյումրի տեղափոխելու նախագծին։ Նախնական տվյալներով՝ ամբողջ նախագծի իրականացումը կարժենա 2,2 մլրդ դրամ։

Ինչպես ամեն շաբաթ, լրահոսը լի էր քրեական գործերի մասին տեղեկություններով: Հայտնաբերվեցին հանցավոր խմբեր, չարաշահումներ և այլ օրինախախտումներ: Սակայն դրանց թվում բավական ուշագրավ էր Գյումրիի նախկին քաղաքապետ, ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը։ Քննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հիվանդության սիմուլյացիայի և փաստաթղթեր կեղծելու ճանապարհով խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից: Սա ուշագրավ էր այնքանով, որ մամուլում հանրության կողմից նույնպիսի մեղադրանքներ են առաջադրվել ներկայիս իշխանավորների, մասնավորապես՝ նախարարների, պատգամավորների և այլ առանցքային պաշտոնյաների հասցեին, սակայն քննչական մարմիններն այդ տեղեկությունները ստուգելու փորձ առ այսօր չեն արել և հավանաբար երբևէ չեն անի:

Անհանգստացնող լուրեր հասան Սոչիից, որտեղ օդանավակայանի հայ աշխատակիցներին ստիպում են ազատվել աշխատանքից։ Այս մասին հայտարարություն են տարածել օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ՝ նշելով, որ անձնակազմի հայկական ազգանուններով անդամների բացահայտ զտումներ են իրականացվում։ Նրանց խոսքով՝ մոտ 100 մարդ է աշխատանքից ազատվել, ևս 100-ին նույն ճակատագիրն է սպասում։ Նրանք բաց նամակով դիմել են Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով միջամտել:

Տագնապալի էին նաև Արցախում հնարավոր ներքաղաքական սրացումների և նույնիսկ իշխանափոխության փորձերի մասին լուրերը: Հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանը խոստացել է օգոստոսի կեսերին հանրահավաքային շարժում սկսել և Բակո Սահակյանին հրաժարական պարտադրել։ Այս հայտարարությանն արձագանքեց Արցախի նախագահը՝ զգուշացնելով, որ անօրինականության ճանապարհն ընտրածները կարգի կհրավիրեն։ Շատ ավելի խիստ արձագանքեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում ինքն ու իր համախոհները կդիմեն կտրուկ միջոցների հանուն երկրի կայունության։ Հայաստանի վարչապետն էլ արցախցիներին օգոստոսի 5-ին հրավիրեց Ստեփանակերտի գլխավոր հրապարակ, որպեսզի դեմ առ դեմ խոսի համազգային մարտահրավերների մասին:

Երեկ ազատ արձակվեց «Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը: Լրացավ Պետրոսյանի՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան ժամկետը երկարաձգելու հարցով:

Այս շաբաթն էլ, ցավոք, չխուսափեց արտակարգ և ողբերգական դեպքերից: Բագրատաշենից Գյումրի ընթանալիս երկաթգծի Թումանյան կայարանի մոտ վթարվեց վառելիքով բեռնված գնացքը։ Բենզինով բեռնված 7 ցիստեռն կողաշրջվեց և հրդեհվեց։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեղան, սակայն տուժեցին փրկարարները: Հրդեհի վայր շտապող մարտական հաշվարկներից մեկը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին դուրս եկավ երթևեկելի հատվածից և 40 մ գլորվեց ձորը։

Պայթյուն որոտաց Երևան-Սևան մայրուղու կամրջի վրա, վնասվեց երկու մեքենա: Դրանցից մեկը պատկանում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, որ հայտնի է «Շշի Մելո» մականվամբ։ Պայթյունից վնասվել է նաև կամրջի երթևեկելի հատվածը: Ամենահավանական վարկածն այն է, որ տեղի ունեցածը մահափորձ էր և թիրախում եղել է գործարար Մանուկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: