Հայերեն   English   Русский  

Ռուսական С400 համակարգերը Թուրքիային պետք են ապագայում Կիպրոսից գազն անվտանգ արտահանելու համար. թուրքագետ


  
դիտումներ: 511

Ռուսական С400 համակարգերի գնմամբ պայմանավորված` թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման և ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

-Պարոն Սաֆրաստյան, ռուսական С400 համակարգերի գնմամբ պայմանավորված` ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները շարունակաբար լարվում են: Բանն հասել է նրան, որ Թուրքիան զրկվել է իր իսկ կողմից գնած 4 F35 կործանիչ ինքնաթիռներից : Խոսվում է, որ Թուրքիան իր ռազմական ավիացիան կարող է թարմացնել ռուսական արտադրության Су 54 ինքնաթիռներով: Տեսակետ կա, որ նման զարգացումների պատճառը ռազմական հեղաշրջման փորձն էր, որում Թուրքիան ամերիկյան հետք է տեսնում: Ձեր կարծիքով` ռուսական զենքին նախապատվություն տալու բուն պատճառը ո՞րն էր:

-Բուն պատճառն իմ կարծիքով դա չէ, չնայած դա իր դերն ունի: Բայց հիմնական խնդիրը հետևյալն է` Էրդողանի կառավարման մանավարնդ վերջին տարիներին Թուրքիան քաղաքականություն է իրականացնում, որի նպատակն է դառնալ կարևոր ուժի կենտրոն Մերձավոր Արևելքում, դառնալ Մերձավոր Արևելքի առաջատար պետություն աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական առումով և հետո հնարավորինս ավելի ընդլայնվել դեպի Բալկաններ, Կովկաս և այլն: Նեոօսմանականություն է դա անվանվում: Էրդողանը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը ոչ թե ֆիզիկական առումով, այլ ազդեցության և հզորության առումով: Սա է հիմնական պատճառը. Թուրքիան ամեն ինչ անում է, որ դառնա տարածաշրջանում ամենահզոր, ամենաուժեղ և ամենահեղինակավոր պետությունը:

-Ռուսական զենք ձեռք բերելով նա ինչպե՞ս է իրագործելու այդ նպատակը:

-Տեսեք, այդ նպատակն իրագործելու համար նա առաջին հերթին պետք է լուծի իր խնդիրներն իր հակառակորդների հետ: Եթե Իսրայելը մի կողմ թողնենք, այն տարածաշրջանում մեկուսացված պետություն է, Մերձավոր Արևելքի ազդեցիկ դերակատար է ձգտում լինել Սաուդյան Արաբիան: Իրենք, ճիշտ է, վահաբական են, մի քիչ շեղված են բուն իսլամից, բայց ամեն դեպքում այս երկիրը մեծ տնտեսական հզորություն ունի, իր ռազմական ծախսերով աշխարհում առաջատարներից է, ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունի:

Մյուս կողմից Եգիպտոսն է, որն ավանդաբար Մերձավոր Արևելքում, մանավանդ արաբական աշխարհում, շատ հեղինակավոր պետություն է: Եգիպրոսում է գտնվում Ալ-Ասհար համալսարանը, որը իսլամի թեոլոգիական, աստվածաբանական մտքի կենտրոնն է և շատ բան է թելադրում:

Երրորդը Իրանն է: Այս երկրի հետ Թուրքիան երևացող խնդիրներ չունի: Եթե այն երկու երկրների հետ հարաբերությունները լարված են, տեսանելի և չերևացող մակարդակներում պայքարում են միմյանց դեմ, ապա Իրանի հետ տեսանելի մակարդակում խնդիրներ չունեն, հարաբերությունները կարգավորված են, մանավանդ պայմանավորված Սիրիայում համագործակցությամբ: Բայց օբյեկտիվորեն Իրանը մնում է Իրան` Թուրքիայի աշխարհաքաղաքական հակառակորդ և շիականության կենտրոն:

Երկրորդը, տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնելու Թուրքիայի քաղաքականությունը դուր չի գալիս ամերիկացիներին, և դրանից է բխում ամեն ինչ: ԱՄՆ-ում տեսնում են` Թուրքիան որքան ամբիցիոզ է դառնում, այնքան իրենց համար դժվար կառավարելի է դառնում, Էրդողանն այդպիսի մարդ է: Դա իրենց մոտ դժգոհություն է առաջացնում: Իհարկե, եվրոպացիների մոտ էլ է առաջացնում, բայց ԵՄ-ն աշխարհաքաղաքական խաղերի մեջ չի մտնում:

-Այսինքն սա ինքնուրույնության ցուցադրությո՞ւն է:

-Սա ուժի ցուցադրություն է:

-Ստացվում է, որ Թուքրիան ուժ է ցուցադրում տնտեսական ու ռազմական կորուստների հաշվին: Որքանո՞վ է արդարացված նման քայլը:

-F35-ը համատեղ ծրագիր է, որի մասնակից էր նաև Թուրքիան: Թուրքական 10-ից ավել ռազմաարդյունաբերական ընկերություններ մասնակցում են արտադրությանը, բայց դա ընդհանուր աշխատանքի երկու տոկոսն է: Թուրքիան ուզում էր 100 հատ F35 գնել, որոնք 5-րդ սերնդի կործանիչներ են: Ռուսականներով որ ուզում են փոխարինել, 4+ են, ռուսները դեռևս 5-րդ սերնդի կործանիչներ չունեն:

Ամերիկյան ռազմական նախարարի հրապարակած թվերով` Թուրքիան կկորցնի 9 մլրդ, ԱՄն-ն կկորցնի կես մլրդ:

-Սա ճի՞շտ հաշվարկված քայլ է: Այսինքն խաղադրույքն արժե՞ր այդ կորուստները:

-Ես դրա համար եմ Թուրքիայի քաղաքականությունն անվանում ավանտյուրիստական: Էրդողանն իր գաղափարներն իրագործելու համար, այն է, որ Թուրքիան պետք է լինի այնպես հզոր, ինչպես Օսմանյան կայսրությունն էր, գնում է այսպիսի կորուստների: Նա ռիսկի է դիմում: Դրա համար սա ավանտյուրա է: Կոնգրեսը ցանկանում է պատժամիջոցների երկրորդ ալիքը սահմանել, նախագահ Թրամփը դեմ է դրան: Այստեղ, ամենայն հավանականությամբ, Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ դեր է խաղացել Էրդողանի խարիզման:

Եթե պատժամիջոցների երկրորդ ալիք լինի, դա Թուրքիայի համար մեծ վնաս կլինի, մինչդեռ հիմա 9 մլրդ-ով պրծնում են:

Թրամփը և նրա ադմինիստրացիան, հհաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակլությունը, փորձում են դուռը բաց պահել: Հիմա փորձում են կոմպրոմիսային տարբերակի գալ, որ թուրքերը ռուսական համակարգերը պահեստում պահեն, չգործարկեն:

Այստեղ հետաքրքիր հարց է` Թուրքիային այդ համակարգերն ինչի՞ են պետք:

-Ըստ առկա տեղեկությունների` այդ համակարգերը Անկարայում և Ստամբուլում են տեղակայվելու: Հիմա դրանք ներքի՞ն, թե՞ արտաքին խնդիր են լուծելու:

-Անկարայում ավիացիոն ուժերի ռազմաբազա կա, որը նախկինում Թուրքիայի ամենակարևոր ռազմական բազան էր, բայց այդտեղից ռազմական ինքնաթիռներ թռան և հարված հասցրեցին կառավարական ուժերին հեղաշրջման փորձի ժամանակ: Հիմա այնտեղ բոլոր թռիչքներն արգելվել են, այդ ռազմաբազան կիսամեռ վիճակում է: Այդտեղ պետք է դրվի:

Տարբեր ենթադրություններ կան: Մի մասը կարծում է, որ հետո դրանք պետք է տանեն իրենց արևելյան սահմաններին մոտ, ադրբեջանցիները գրում են, որ պետք է դնեն Հայաստանի սահմանին մոտ, որ իբրև թե Ադրբեջանին պաշտպանեն: Իմ կարծիքով` սա առաջին հերթին Թուրքիային պետք է իր դիրքերը արևելյան` Միջերկրական ծովի շրջանում ուժեղացնելու համար: 74 թվականի ամռանը, երբ Թուրքիան գրավեց Կիպրոսը, ամերիկացիները փակեցին օդային տարածքը թուրքերի համար: Հիմա իրենք ուզում են ազատվել դրանից, որ իրենց օդային տարածքը հնարավորինս պաշտպանված լինի:

-Այսինքն իրենց ապահովագրում են Կիպրոսի շուրջ հնարավոր զարգացումների՞ց:

-Այո: Կարծում եմ` դա անհրաժեշտ է, որ հետագայում, երբ սկսեն գազն արտահանել, այն պաշտպանված լինի Հունաստանից, Կիպորսից նաև Իսրայելից:

-Գո՞ւցե նաև այսպիսով ձգտում են ապահովագրել Էրդողանի իշխանությունը ռազմական հեղաշրջման հնարավոր նոր փորձերից:

-Հավանական է, որ դա էլ կա: Եթե ամերիկյան համակարգեր դնեին, ամերիկյան մասնագետները դա կարող են ամեն րոպե չեզոքացնել, թույլ չտալ, որ դա օգտագործեն:

-Պարոն Սաֆրաստյան, թուրք-ամերիկյան հարաբերությունների լարմանը զուգահեռ լավանում են ռուս-թուրքական հարաբերությունները: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումն արդյո՞ք ժամանակավոր բնույթ է կրում:

-Եթե հաշվի առնենք ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը, պետք է որ կրի ժամանակավոր բնույթ: Ինչի՞ վրա եմ ես հիմնվում, բացի պատմական իրողություններից: Ասացի, որ Թուրքիան ձգտում է լինել տարածաշրջանի առաջատար պետությունը: Ես համոզված եմ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից է նաև Հարավային Կովկասը: Եվ հենց այստեղ է Ռուսաստանի և Թուրքիայի կռվախնձորը: Թուրքիայի համար աշխարհաքաղաքական առումով ձեռնտու է, որ Հարավային Կովկասում լինեն անկախ պետություններ, բայց որ դրանք լինեն հնարավորինս իր ազդեցության տակ, որ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ վերանա: Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանը և Թուրքիան կսկսեն հակամարտություն Հարավային Կովկասի համար: Հիմա Թուրքիան Մերձավոր Արևելքով է զբաղված, երբ այնտեղ ավարտի կամ անհաջողության մատնվի, կսկսի Հարավային Կովկասով զբաղվել և աշխարհաքաղաքական բախումը տեղի կունենա: Եվ այս առումով Նախիջևանում ռազմաբազայի ստեղծումը Թուրքիայի ռազմավարական ծրագրերի մեջ է: Հիմա միգուցե և սառեցված է, նաև հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը և այդ երկրի հետ հարաբերությունները, բայց նախապատրաստական աշխատանքներ իրականացվել են և պահում են ապագայի համար:

-Իսկ հնարավո՞ր է Թուրքիան և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնի, և Ռուսատանի հետ, թե ի վերջո մեկին պետք է ընտրի:

-Հիմա դեռ հնարավոր է: ՆԱՏՕ-ում իհարկե ձայներ կան, որ պահանջում են Թուրքիային հեռացնել: Բայց նման իրավական կարգ չկա: Բայց դա չի կարևորը, կարևորն այն է, որ ՆԱՏՕ-ին Թուրքիան պետք է և Թուրքիային էլ ՆԱՏՕ-ն է պետք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: