Հայերեն   English   Русский  

Զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին, նա կալանավորվել է


  
դիտումներ: 85

Ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար՝ «զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը», և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեն հիշեցնում է իր ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ «հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով»: «Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ. Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը», - հուլիսի 24-ին հաղորդել էր Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ «սպանության փորձ» և «ինքնասպանության հասցնելը», հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ դիրքի ավագն արդեն ձերբակալված է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: