Հայերեն   English   Русский  

Ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ որոշումներ են կայացվել Հանրային խորհրդի լիագումար նիստին


  
դիտումներ: 1310

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի լիագումար նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց․

1․Սևանա լճում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը (զեկուցող՝ ՀԽ անդամ Յուրի Ջավադյան)։

2․Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները և կոնվենցիայի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (զեկուցող՝ ՀԽ անդամ Հովհ․ Հովհաննիսյան)։

3․ՀՀ տրանսպորտային ոլորտի, մասնավորապես անվտանգ երթևեկության կազմակերպման խնդիրները (ՀԽ անդամ, ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Արմեն Բալդրյան)։

4․Մայրաքաղաքի սեփականաշնորհված և չկառուցապատվող տարածքների հարցը («Սևան» հյուրանոցի տարածք, «Երիտասարդական պալատի» տարածք և այլն) (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան)։

5․«Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելոցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյան)։

6․Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Աշոտ Հակոբյան)։

7․ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի կերտման հնարավոր ուղիների ընտրության հետ կապված հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Արշակ Սադոյան)։

Սևանա լճի հարցի հիմնական զեկուցողներն են եղել Հանրային խորհրդի անդամներ Յուրի Ջավադյանը և Կարինե Դանիելյանը, որոնք ներկայացրել են իրավիճակի վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն, առկա վտանգները, դրանց պատճառներն ու հետևանքները և լուծման ուղղությամբ անհրաժեշտ հրատապ ու երկարաժամկետ քայլեր։

Հարցի քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը։

Քննարկման արդյունքում Հանրային խորհուրդը որոշել է խորհրդի կազմում ձևավորել Սևանի հարցով աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն նաև գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ՝ հասարակության և կառավարության ուշադրությունը հրավիրելու լճի հետ կապված խնդիրների վրա, ներկայացնելու առաջարկներ և վերահսկելու խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանրային խորհուրդը որոշել է նաև ՀՀ կառավարություն ներկայացնել հետևյալ առաջարկները․

1. Արտահերթ ձևով, օրենքով սահմանված կարգով երկու տարվա ընթացքում լուծել Սևանին «դոնոր» հանդիսացող 4 ջրամբարների (մինչև 150 մլն խմտ ընդհանուր ջրատարությամբ) նախագծման և կառուցման աշխատանքների հարցը։

2. Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների նախնական մաքրման կայաններին կից տեղադրել ընդհանուր 5 մոդուլներ (1000 մարդ օր հզորությամբ) բիոլոգիական մաքրումներ իրականացնելու և Սևանա լիճ մաքուր ջուր բաց թողնելու համար: Խոշոր գյուղերում կառուցել թաղամասային կոյուղու ցանցեր՝ տեղադրելով մոդուլներ ջուրը մաքրելուց հետո օգտագործել ոռոգման և տեխնիկական այլ նպատակներով:
3. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջոցով հատուկ միջոցներ ձեռնարկել և համապատասխան ծրագրեր մշակել լճում վերջին տարիներին անհետացած կամ անհետանալու եզրին գտնվող ձկնատեսակների, հատկապես կողակի` որպես սանիտարների, վերականգնման և զարգացման ուղղությամբ։
4. Հաշվի առնելով, որ այս տարի անցած տարվա նկատմամբ ջրամբարներում ունեցել ենք հավելյալ ջուր, դրա հաշվին Սևանից տնտեսել 50 մլն խմ ջուր, որպեսզի բացասական նիշ չունենանք:
5. Ազգային պարկի միջոցով պահանջել առափնյա հյուրանոցներից, ռեստորաններից և բոլոր այլ կառույցներից Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ներդնել փոքր մաքրման կայաններ (իրենց միջոցների հաշվին):
6. Ազգային պարկի միջոցով լուծել 300 հատ ջրածածկ շենք-շինությունների քանդման և տեղափոխման հարցը` նախապես ցեոլիտով ախտահանելով այդ տարածքները:
7. Ազգային պարկի միջոցով, օրենքով սահմանված կարգով, կազմակերպել 500-700 հա տարածքից կոճղարմատների քանդման և մաքրման աշխատանքները:
8. Հանձնարարել ՀՀ Ազգային ակադեմիային առընթեր Սևանի հարցերի փորձագիտական հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Յուրի Ջավադյանին պարբերաբար տեղեկության տալ Հանրային խորհրդին սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ:

Նիստի օրակարգային երկրորդ հարցի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Հանրային խորհուրդը բուռն քննարկումներ է ունեցել։ Դեմ արտահայտվելով բռնության ցանկացած դրսևորման՝ խորհուրդը գտել է, որ ՀՀ գործող օրենսդրությունը, մասնավորապես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որը քննարկվել և Ազգային ժողովի կողմից հաստատվել է նաև ՀԽ առաջարկների ընդունմամբ, կարգավորում է ոլորտի խնդիրները։ Իսկ եթե կան հարցեր, որոնք օրենքում ներառված չեն, սակայն ամրագրված են կոնվենցիայի որոշ դրույթներում և ընդունելի են, կարող են ՀՀ օրեսնդրական փոփոխությունների արդյունքում ներառվել գործող օրենքների մեջ։ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հիմնական տեսակետը եղել է այն, որ կոնվենցիան պարունակում է տարակարծությունների տեղիք տվող ձևակերպումներ, հասարակության և փորձագիտական շրջանակներում առկա են մտահոգություններ, չկան ամբողջական ու լիարժեք պարզաբանումներ ու վերլուծություններ կոնվենցիայի ընդունման հետևանքների կամ արդյունքների վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այն վավերացնելուց։

Խորհրդի անդամները բաց քվեարկության արդյունքում միաձայն դեմ են արտահայտվել կոնվենցիայի ընդունմանը և առաջարկել, որ ոլորտի մասնագետները քննարկեն կոնվենցիայի համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը։

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ՝ կապված տրանսպորտային ոլորտի հիմնախնդիրների, մասնավորապես անվտանգ երթևեկության կազմակերպման հետ, ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Բալդրյանը ներկայացրել է Երթևեկության անվտանգության կազմակերպման բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը մշակվել է հանձնաժողովի Երթևեկության անվտանգության և ենթակառուցվածքների ենթահանձնաժողովում (նախագահ՝ Սերգեյ Ղահրամանյան) քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի մասնակցությամբ։

Հայեցակարգի նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության կազմակերպման և վերահսկման արդյունավետության բարձրացման ուղղությամբ այնպիսի քաղաքականության առաջադրումն է, որը կնպաստի անվտանգ երթևեկություն ունենալուն, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի էական նվազմանը և ոլորտի բարեփոխմանը:

Հանրային խորհուրդը որոշել է հայեցակարգի նախագիծը լրացուցիչ քննարկել նաև ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, ՀԽ պետաիրավական հարցերի և ՀԽ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովներում՝ ներգրավելով նաև համապատասխան մասնագետների, զուգահեռ նախագիծը ներկայացնել հանրային քննարկման, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարություն։

Լիագումար նիստի օրակարգում ներառված՝ մայրաքաղաքի սեփականաշնորհված և չկառուցապատվող տարածքների հարցը («Սևան» հյուրանոցի տարածք, «Երիտասարդական պալատի» տարածք և այլն), որը մինչ լիագումար նիստը քննարկվել է ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում, լիագումար նիստին չքննարկվեց, փոխարենը որոշվել է հարցի վերաբերյալ քննարկումները շարունակել խորհրդի այլ հանձնաժողովներում, որի արդյունքում կազմել համապարփակ փաստաթուղթ և ներկայացնել ՀՀ կառավարություն։

Օրակարգի 5-րդ հարցը՝ կապված «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելոցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի հետ, ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը։ Հարցը մինչ լիագումար նիստ մտնելը քննարկվել է ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովում և որոշվել է այն ներկայացնել Հանրային խորհուրդ։

Դանիելյանի խոսքով՝ պատմամշակութային հուշարձանի տարածքում կատարվում են հնագիտական պեղումներ, որոնք հակասում են օրենքներին ու միջազգային պարտավորություններին և վնաս են հասցնում հուշարձանին։ Մյուս խնդիրը կապված է հուշարձանի վերաբերյալ առկա պատմագիտական մոտեցումների հետ, որոնց մի մասի համաձայն՝ հուշարձանը հնագույն աստղադիտարան է, մյուս մասի համաձայն՝ ընդամենը դամբարանադաշտ և սրբատեղի։

Խորհրդի անդամները, քննարկելով հարցը, որոշել են դիմել ՀՀ կառավարություն՝ կասեցնելու պատմամշակութային հուշարձանում կատարվող հնագիտական պեղումները, պարզելու գործողությունների օրինականությունը, վերականգնելու հուշարձանի նախկին տեսքը, որից հետո հանրային հարթակներում շարունակել քննարկումները կառույցի պատմագիտական, հնագիտական արժեքի և բովանդակության վերաբերյալ։

Նիստի նախավերջին հարցի հետ կապված, որն առնչվում է Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացմանը, խորհուրդը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ և հարցն առավել համակողմանիորեն քննարկելուց հետո մշակել համապատասխան փաստաթուղթ և ներկայացնել խորհրդի քննարկմանը։

Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի կերտման հնարավոր ուղիների ընտրության հետ կապված հարցը, որն օրակարգի վերջին հարցն էր, նույնպես հետաձգվել է։ Որոշվել է օգոստոս ամսին քննարկումները շարունակել, որից հետո այն ներառել ՀԽ հաջորդ լիագումար նիստի օրակարգ։ Հիշեցնենք, որ հունիսի 19-ի ՀԽ փոքր խորհրդի նիստի ժամանակ որոշվել էր հուլիս ամսվա ընթացքում կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկա իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։ Հուլիսի 4-ին Հանրային խորհուրդը հանդիպել էր «Ճամփաբաժանին» ձեռագրի հեղինակներ Ռուբեն Վարդանյանի, Նունե Ալեքյանի, ինչպես նաև հայեցակարգի համահեղինակ Նուբար Աֆեյանի հետ և քննարկել ձեռագիր աշխատության մեջ բարձրացված հարցեր, որոնք առնչվում են հայ ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային։ ՀԽ նախագահը դիմել էր նաև ՀՀ վարչապետին խորհրդի հանդիպելու և այս հարցերի շուրջ քննարկում ծավալելու առաջարկով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: