Հայերեն   English   Русский  

«Այս կոնվենցիան շատ լավ պանիր է, որը, ցավոք, թակարդի մեջ է»․ Հանրային խորհուրդը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային


  
դիտումներ: 1326

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցի քննարկումը Հանրային խորհրդում բուռն էր։ Հարցի վերաբերյալ ցեկույցով հանդես եկավ Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կոնվենցիայի դրույթները և դրան դեմ արտահայտվողների դիրքորոշումները։

Հովհաննիսյանի կարծիքով՝ քանի դեռ հարցի վերաբերյալ չկա հասարակական կոնսենսուս, ցանկալի չէ այն ընդունել։

ՀԽ անդամ Հարություն Մեսրոբյանի տեսակետն առավել կոշտ ու հստակ էր՝ Հանրային խորհուրդը պետք է ընդունի որոշում, որտեղ նշված լինի, որ կոնվենցիայով նախատեսվող բոլոր խնդիրները լուծելի են մեր գործող օրենսդրական դաշտով։ Նրա կարծիքով՝ պետք է խնդիր դնել նաև ստորագրությունը հետ կանչելու վերաբերյալ։

«Դա կլինի պոզիտիվ ազդակ մեր հասարակությանը գոնե մի լարված կետը իջեցնելու նպատակով։ Առանց այն էլ լարվածության կետերը շատ են և գնալով շատանալու են»։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբերին, երբ քննարկվում էր ընտանեկան բռնության հետ կապված օրենքի նախագիծը, Հանրային խորհուրդը լայն քննարկումների արդյունքում դեմ արտահայտվեց դրան, առաջարկեց որոշակի փոփոխություններ, որոնք ընդունվեցին, և օրենքն Ազգային ժողովը հաստատեց այդ փոփոխություններով։

«Այդ օրենքում էլ կային վիճելի ձևակերպումներ, և ողջամիտ մարդի հասկանում են, որ այդ ամենը այնպես պետք է ձևակերպված լինի, որ չխարխլի մեր ազգային նկարագիրը։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մերոնք վախենում ինչ-որ բան չստորագրելուց կամ չվավերացնելուց»։

Հանրային խորհրդի անդամ Աիդա Թոփուզյանը համոզված է, որ եթե մենք վավերացնենք կոնվենցիան, ապա պարտավոր կլինենք նաև լուրջ փոփոխություններ կատարել մեր օրենսդրական դաշտում և մեր ողջ իրավական դաշտը համապատասխանեցնել կոնվենցիային։ «Ես համաձան եմ, որ պետք է հետ կանչել ստորագրությունը, մենք պետք է մեր դիրքորոշումը հստակ հայտնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ մի շարք երկրներ չեն ստորագրել կամ վավերացրել կոնվենցիան այն հիմնավորմամբ, որ դրանով հնարավորություն է տրվում մարդուն ազատորեն ընտրել իր սեռը, փոխել իր սեռը, ամուսնանալ իր սեռի մարդու հետ և պրոպագանդել իր սեռական կողմնորոշումը։

«Մի՛ մտցրեք կոնվենցիայի տակ բաներ, որ այստեղ չկա։ Ես կարդացել եմ կոնվենցիան և որևէ նման բան գրված չեմ տեսել»,-ասաց Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը կոնվենցիայում բացասական և արտառոց բան չէր նկատել։

«Եթե Դուք չեք տեսել, չի նշանակում՝ չկա»,-նկատեց Աիդա Թոփուզյանը։

Հնչեցին տեսակետներ, որ այն հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Հանրային խորհրդի անդամ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հիշեցրեց, որ եթե անգամ կոնվենցիան հակասության մեջ լինի մեր Սահմանադրության հետ, ապա միջազգային պահանջների համաձայն՝ առաջնությունը կտրվի կոնվենցիային։

«Մեր ազգը կրողն է քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնության։ Կինն ու տղամարդը մեր կյանքի մինուսն ու պլյուսն են, որ միասին են տալիս կյանքի առաջընթացի էներգիան։ Երբ պլյուսն ու մինուսը ուզում են նույն տեղը գնալ, կարճ միացում է լինում։ Ամբողջ այս կոնվենցիան մի շատ լավ պանիր է, որը, ցավոք, թակարդի մեջ է»,-ասաց նա։

Սրբազանի խոսքով՝ ինքը կարդացել է ոչ միայն կոնվցենցիայի տեքստը, այլև դրա բացատրությունները, որոնք առավել քան անընդունելի են։ «Բայց եթե նույնիսկ մի կետ էլ հարիր չէ մեր ազգային ինքնությանը, ապա ամբողջն ընդունելի չէ։ Այսօր մեր ավանդույթները որպես կարծրատիպեր են ներկայացվում, որպեսզի մենք դրանցից հրաժարվենք։ Սա՛ է մեր ազգային հոգեբանությունը, որն արտահայտվում է նաև մեր ազգային մշակույթի և հավատքի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ իր տեսակետը նաև եկեղեցու դիրքորոշումն է։

Հանրային խորհրդի անդամ Սմբատ Լպուտյանն էլ հարց բարձրացրեց՝ ի՞նչ է մեզ տալու այդ կոնվենցիան։ «Մենք և եվրոպական որևէ այլ երկիր շատ տարբեր ենք, տարբեր ձևով ենք մտածում և տարբեր ձևով ենք խնդիրները ուծում։ Ամեն մի երկիր պետք է կարողանա իր ձևով խնդիրներին նայել և որոշումներ կայացնել։ Ինչո՞ւ պետք է վերցնենք եվրոպական երկրների մոտեցումները»։

Հանրային խորհրդի անդամ Արամ Սաֆարյանը նույնպես կիսեց այն տեսակետը, որ պետք է հետ կանչել ստորագրությունը։ «Իմ կարծիքն այս հարցում հստակ է, ես դեմ եմ կոնվենցիային, բայց նաև առաջարկում եմ հրավիրել ոլորտի մասնագետներին և Հանրային խորհուրդը դարձնել քննարկման հարթակ՝ մինչ այդ կոչ անելով, որ ոչ մի դեպքում չվավերացնի այս կոնվենցիան, մինչև հասարակության համար պարզ չլինի, թե ի վերջո այնտեղ ինչ է գրված։ Մեզ անհրաժեշտ է գիտելիք և որակյալ քննարկում։ Իսկ քանի դեռ այս հարցի վերաբերյալ կոնսենսուս չկա, այս հարցը պետք է մեր երկրի օրակարգից դուրս գա»,-ասաց նա։

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել, հանձնաժողովներում հարցը նախապատրաստել, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովին հանձնարարել քննարկել և ներկայացնել մասնագիտական կարծիք։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ամփոփելով քննարկումը, առաջարկեց բաց քվեարկության դնել հետևյալ հարցը՝ ո՞վ է կողմ, որ կոնվենցիան չվավերացվի, մինչև դրա վերաբերյալ հասարակությունը հստակ տեղեկատվություն ու դիրքորոշում չունենա։

Հանրային խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց։

Այսպիսով, Հանրային խորհուրդը դեմ արտահայտվեց կոնվենցիայի վավերացմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: