Հայերեն   English   Русский  

Սևանի հարցով ի՞նչ առաջարկներ է ներկայացնելու Հանրային խորհուրդը կառավարությանը


  
դիտումներ: 1211

«Ազգովի աղտոտում ենք Սևանը, մինչդեռ այն պաշտամունքի առարկա և բնության հրաշալիք է»,-Հանրային խորհրդի այսօրվա լիագումար նիստին Սևանի հարցով քննարկմանը այս խոսքերով սկսեց իր զեկույցը Հանրային խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

Հիշեցնենք, որ ՀԽ լիագումար նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Սևանա լճում առկա խնդիրներին և դրանց ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։

Օրակարգային հարցի վերաբերյալ ծավալուն տեղեկատվությամբ հանդես գալով՝ Ջավադյանը ներկայացրեց նաև որոշման նախագիծ լիագումար նիստում ընդունելու և ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով։

Նշենք, որ հարցի քննարկմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը։

ՀԽ անդամներից մեկի հարցին՝ ի վերջո թունավո՞ր է Սևանը, թե ոչ, վտանգված է այն, թե ոչ, Փիրումյանը պատասխանեց․ «Նախարարությունն իրականացնում է ջրի մոնիտորինգ, այդ թվում և խորքային մոնիտորինգ։ Հունիսի տվյալները բավականին հուսադրող են։ 20 մետր խորության վրա չի արձանագրվել ֆոսֆորի առկայություն։ Այսինքն, ջրիմուռների ծաղկման պրոցեսը ավարտված է։ Դա բավարար է, որպեսզի տեղի չունենա թթվածնային քաղց»։

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանի խոսքով՝ այժմ ջրիմուռները նստել են հատակին, և նեխման պրոցես է սկսվել, ինչը լուրջ խնդիր է լճի համար։

Նրա խոսքով՝ այս ամենը սպասելի էր, քանի որ տարիներ շարունակ խնդիրները կուտակվել են՝ ի վերջո հանգեցնելով լուրջ հետևանքների։ Այդ խնդիրները, ըստ Դանիելյանի, հետևյալն են՝ աղտոտող օրգանական և անօրգանական նյութերի անընդհատ ներհոսք դեպի լիճ, 2012 թվականից ջրի մակարդակի աննշան բարձրացում, պարբերաբար (4 անգամ) բացասական հաշվեկշռի առկայություն, կլիմայի փոփոխություններ, ջրի ջերմաստիճանի համեմատաբար բարձրացում, ձկնային պաշարների կտրուկ կրճատում:

Կարինե Դանիելյանն առաջարկեց է ՀՀ վարչապետին առընթեր ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով անկախ փորձագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր իրականացնելու և հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բացի այդ, առաջարկվեց հանձնաժողովին կից ստեղծել նաև օպերատիվ մասնագիտական խումբ (բուսաբաններ, ջրաբաններ, քիմիկոսներ, երկրաբաններ, ֆիզիկոսներ և այլք), որը կարող է ուսումնասիրել ջրիմուռների վերացման հնարավոր արդյունավետ եղանակները:

Որոշվեց Կարինե Դանիելյանի առաջարկները ներառել Յուրի Ջավադյանի ներկայացրած որոշման նախագծի մեջ և ներկայացնել ՀՀ կառավարություն։ Որոշման նախագծում ներկայացված են հետևյալ 7 քայլերը՝

1.Արտահերթ ձևով, օրենքով սահմանված կարգով երկու տարվա ընթացքում լուծել Սևանին «դոնոր» հանդիսացող 4 ջրամբարների (մինչև 150 մլն խմտ ընդհանուր ջրատարությամբ) նախագծման և կառուցման աշխատանքների հարցը։

2.Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների նախնական մաքրման կայաններին կից տեղադրել ընդհանուր 5 մոդուլներ (1000 մարդ օր հզորությամբ) բիոլոգիական մաքրումներ իրականացնելու և Սևանա լիճ մաքուր ջուր բաց թողնելու համար: Խոշոր գյուղերում կառուցել թաղամասային կոյուղու ցանցեր՝ տեղադրելով մոդուլներ ջուրը մաքրելուց հետո օգտագործել ոռոգման և տեխնիկական այլ նպատակներով:

3.Հաշվի առնելով, որ այս տարի անցած տարվա նկատմամբ ջրամբարներում ունեցել ենք հավելյալ ջուր, դրա հաշվին Սևանից տնտեսել 50 մլն խմ ջուր, որպեսզի բացասական նիշ չունենանք:

4.Ազգային պարկի միջոցով պահանջել առափնյա հյուրանոցներից, ռեստորաններից և բոլոր այլ կառույցներից Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ներդնել փոքր մաքրման կայաններ (իրենց միջոցների հաշվին):

5.Ազգային պարկի միջոցով լուծել 300 հատ ջրածածկ շենք-շինությունների քանդման և տեղափոխման հարցը` նախապես ցեոլիտով ախտահանելով այդ տարածքները:

6.Ազգային պարկի միջոցով, օրենքով սահմանված կարգով, կազմակերպել 500-700 հա տարածքից կոճղարմատների քանդման և մաքրման աշխատանքները:

7.Հանձնարարել ՀՀ Ազգային ակադեմիային առընթեր Սևանի հարցերի փորձագիտական հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Յուրի Ջավադյանին պարբերաբար տեղեկության տալ Հանրային խորհրդին սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկեց նաև Հանրային խորհրդում ստեղծել Սևանի հարցով աշխատանքային խումբ՝ ներգրավելով գիտնականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որը խոշորացույցի տակ կպահի Սևանա լճի խնդիրները և հետևողականորեն կարձագանքի և կբարձրաձայնի դրանք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: