Հայերեն   English   Русский  

Սևանա լճի հարցը Հանրային խորհրդի առաջիկա լիագումար նիստի օրակարգում է


  
դիտումներ: 1571

Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովն օրերս նիստ է անցկացրել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Սևանա լճի հարցը:

Սևանա լճում առկա իրավիճակի վերաբերյալ ծավալում տեղեկատվությամբ են հանդես եկել Հանրային խորհրդի անդամներ Յուրի Ջավադյանը և Կարինե Դանիելյանը։ Վերջինս ներկայացրել է լճում թունավոր ջրիմուռների ակտիվացման պատճառները՝ նշելով, որ գործընթացը հետևանք է ջրավազանում տարիներ ի վեր կուտակված մի շարք բացասական երևույթների՝ աղտոտում, լճում պարբերաբար բացասական հաշվեկշռի առկայություն, կլիմայի փոփոխություն, ջրի ջերմաստիճանի համեմատաբար բարձրացում և այլն։

Յուրի Ջավադյանը, որը նաև ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության հանձնաժողովի նախագահն է, տեղեկատվություն է տրամադրել հանձնաժողովի կատարած աշխատանքների և ՀՀ վարչապետին ներկայացրած առաջարկների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ամենահրատապ քայլերից մեկն այն է, որ պետք է արգելել առափնյա ձեռնարկությունների, բնակավայրերի կոյուղաջրերի և կենցաղային կեղտաջրերի արտանետումները առանց նախնական մաքրման կայանների տեղադրման և շահագործման: «Մենք կառավարությանն առաջարկել ենք, որպեսզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում գործող կոյուղու մաքրման մեխանիկական կայաններին կից տեղադրել «մոդուլներ», որոնք բիոլոգիական մաքրման կայաններ են։ Բացի այդ, Սևանի շուրջ գործող 2400 առափնյա հանգստյան տներին, հյուրանոցներին, սննդի տարբեր օբյեկտներին, որոնցից 300-ը մշտական գործող են, պետք է պարտադրել, որպեսզի իրենց միջոցների հաշվին տեղադրեն «TOPOS» տիպի (չեխական լիցենզիայով արտադրված) փոքր մաքրման կայաններ»,-նշել է Ջավադյանը,-բացի դա, ջրի տակ մնացել են 300 շենք-շինություն իրենց հորատիպ զուգարաններով և 500-700 հա կտրած անտառների կոճղարմատներ, որոնց մաքրման հարցերը նույնպես պետք է լուծել»։

Վերջինս անդրադարձել է նաև Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդրին, տեղեկատվություն ներկայացրել Հայաստանում առաջիկա տարիներին ջրամբարաշինության ուղղությամբ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ՝ նշելով, որ խնդիրը բարձրացվել է ՀՀ վարչապետի մոտ, և շուտով աշխատանքներ կիրականացվեն 3-4 նոր ջրամբարների կառուցման ուղղությամբ։

Քանի որ Սևանա լճի հարցը ներառված է նաև հուլիսի 25-ին տեղի ունենալիք Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգում, որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը լրացուցիչ կքննարկի հանձնաժողովի նիստի ընթացքում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, կմշակի որոշման նախագիծ և կներկայացնի լիագումար նիստին։

ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է անասնաբուժական ծառայությունների մասնավոր սեկտորում որակավորման և լիցենզավորման համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկությանը։ Հարցը ներկայացրել է Անասնաբուժական ասոցիացիայի նախագահ Ա․ Օհանյանը։ Վերջինս առաջարկի կարևորությունը հիմնավորել է ոլորտի բանիմաց մասնագետներին համախմբման և որակյալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությամբ։

Օրակարգի երրորդ հարցը՝ անասնաբուծական ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ, ներկայացրել է անասնաբուժական գիտությունների թեկնածու Ռ․ Ավետիսյանը։ Վերջինս ծավալում տեղեկատվություն է ներկայացրել հանձնաժողովի անդամներին ոլորտում առկա հրատապ ու երկարաժամկետ խնդիրների վերաբերյալ, ներկայացրել կոնկրետ առաջարկներ։

Որոշվել է անասնաբուժական և անասնաբուծական ոլորտների վերաբերյալ հանձնաժողովին ներկայացված հարցերն առավել համակողմանիորեն քննարկելու նպատակով կազմակերպել ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի Անասնաբուժական և Անասնաբուծական հարցերի ենթահանձնաժողովների համատեղ նիստ և բարձրացված հարցերն ու առաջարկությունները քննարկել ոլորտի այլ նեղ խնդիրների հետ միասին։

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է Կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում առկա խնդիրներին, որոնց հաղթահարման նպատակով առաջարկություններ է ներկայացրել «Պանրագործների միություն ԻԱՄ» ՀԿ նախագահ Ա․ Գիգոյանը։ Վերջինս հատկապես առանձնացրել է երկու կարևոր խնդիր՝ պետական ապարատի և հասարակական կազմակերպությունների միջև եղած համագործակցության որակի ոչ բավարար լինելը և օրեսդրական խնդիրները։

Գոգյանը կարծիք է հայտնել, որ կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում այսօր առկա հիմնախնդիրներից մեկը կապված է հարկային քաղաքականության հետ։ «ԱԱՀ-ի և շրջանառության հարկի կիրառումը, օբյեկտիվ պատճառներից ելնելով, իրեն սպառել է։ Հաշվի առնելով մի շարք ներքին ու արտաքին հանգամանքներ՝ մենք ուզում ենք առաջարկել ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին պանրի արտադրության մասով կիրառել դիֆերենցված-առանձացված հարկման ռեժիմ, օրինակ՝ 10 տոկոս ԱԱՀ-ի դրույքաչափով»։ Բանախոսն առաջարկել է նաև ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկել պետություն-հասարակական կազմակերպություններ փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացման հարցը։

Հանձնաժողովը որոշել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ նշված հարցերը քննարկելու նպատակով՝ աշխատանքային խմբում ներառելով նաև ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: