Հայերեն   English   Русский  

«Իմ խիղճն իմ նկարներն են. լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ». այսօր Մինասի ծննդյան օրն է


  
դիտումներ: 669

Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է։

Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։

Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Մինաս

Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են նաև իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին։

Մինասի գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ:

Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ:

Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Սարյանը:

Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես1915թ. հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։

«Իմ խիղճն իմ նկարներն են. լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ, և այնպես, ինչպես ուզում եմ»,- ասել է Մինաս Ավետիսյանը:

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ: Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։

«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է... Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասել է նկարիչը։

Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

Մինասն աշխատել է նաև կինոյում, Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչն է։

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։

«... Նա, այո, արդեն անսպառ էր: Նրան միայն ժամանակ էր հարկավոր, երկար ժամանակ էր հարկավոր՝ տևական անընդհատությամբ, հայ գյուղացու ջանադիր անընդհատությամբ գործ դարձնելու իր մարմին կաթեցված աստվածային տաղանդի ծանր կաթիլը: Նա ծնվել էր Սարյանից հիսուն տարի հետո - նա մեռնելու էր Սարյանից հիսուն տարի հետո: Նա գահաժառանգ էր ծնվել, նա բազմելու էր Մեծի թափուր գահին, նա արդեն այսօր էր արժանի Տանտիրոջ ու Մեծի թափուր այդ գահին, բայց շատ գեղեցիկ է, երբ անառարկելի վաստակը լուսապսակվում է նաև պատկառելի ծերությամբ...»,- գրող ասել է Հրանտ Մաթևոսյանը նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին:

Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները», «Իմ ծնողները», «Հանդիպում», «Հորս դիմանկարը», «Շեմին» և այլ գործեր:

1972-ին նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատ աշխատանքներ ոչնչացվել են, չնայած հետագայում որոշ այրված նկարներ հաջողվել է վերականգնել: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի մի շարք թանգարաններում:

1977-ին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: