Հայերեն   English   Русский  

Հայաստանը որպես տուրիստական գրավիչ ուղղություն` շվեյցարացի զբոսաշրջիկների համար


  
դիտումներ: 2476

Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների առջև

Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ, «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով:

Նյութերը պատրաստվել են մայիսին, շվեյցարացի զբոսաշրջային լրագրողների Հայաստան կատարած ճանաչողական այցի ընթացքում` Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: Ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ շուրջ մեկ շաբաթ շրջագայել են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերով` հետաքրքիր տեղեկություններ, մարդկային պատմություններ հավաքագրելով և նկարահանումներ իրականացնելով:

Շվեյցարական լայն լսարանի համար հավաքագրված նյութերի տարածումը նպատակ ունի բարձրացնելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և խթանելու Շվեյցարիայից զբոսաշրջիկների աճը։

Կարևոր է նշել, որ նյութերը կրում են նաև դրական քաղաքական երանգ: Լրագրողների հետ տարված աշխատանքի արդյունքում նյութերում արտահայտված է անթաքույց համակրանք բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող ու չհանձնվող քրիստոնյա հայ ազգի նկատմամբ, հավատք դեպի երկրի ապագան:

Հավաքված նյութերի թիրախային լսարանը սահմանափակված չէ միայն Շվեյցարիայով: Շվեյցարացի լրագրողների կողմից ֆրանսերենով պատրաստված նյութերը կարող են օգտագործվել այլ ֆրանկոֆոն լսարանների համար, հատկապես հաշվի առնելով Հայաստանի դերը ֆրանկոֆոն աշխարհում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովից հետո:

Շվեյցարիայի զբոսաշրջության լրագրողների ասոցիացիայի կայքում հրապարակվել է 15-ից ավելի թեմատիկ հոդված` ինքնատիպ նկարագրական մասով ու տպավորիչ նկարներով:

Այս հոդվածաշարը դեռ շարունակվելու է և ավարտին հասնելուն պես համախմբվելու է մեկ էլեկտրոնային բրոշյուրում, որը ակտիվորեն տարածվելու է ֆրանսախոս միջավայրերում: Հոդվածներից մեկը` «Արենի` աշխարհի առաջին գինի» վերնագրով, արդեն վերատպվել է Ֆրանսիայի հայկական կայքերում` ստանալով բավական լայն տարածում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: