Հայերեն   English   Русский  

Ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը


  
դիտումներ: 565

Հուլիսի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, կրթական հաստատությունների գործընկերները, ինչպես նաև մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ:

Կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում՝ նպաստելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կառավարման և զարգացման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև ստեղծելու է հնարավորություններ տեղացի փորձագետների և մասնագետների վերապատրաստման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը շնորհավորել է հայ-իտալական մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնի բացման կապակցությամբ և նշել, որ կենտրոնի շնորհիվ առաջին հերթին կվերականգնվեն հայաստանյան մշակութային արժեքները:

«Հայ-իտալական կենտրոնի ստեղծումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը և կապահովի իտալական վերականգնողական դպրոցի փորձի փոխանակման գործընթացը: Կողմերը կհամագործակցեն մշակութային ու գիտական ոլորտներում՝ գրանցելով լավագույն արդյունքներ»,- հավելել է նախարարի տեղակալը:

Նարինե Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանին համատեղ ծրագրի իրականացման գործում ներդրած ջանքերի համար:

Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի խոսքով կենտրոնը նաև տարածաշրջանային բացառիկ վայր է լինելու։ Նրա կարծիքով այս համագործակցությունը նոր հարթակ կհանդիսանա Հայաստանի և Իտալիայի միջև։

2019 թվականի հուլիսի 18-ին տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:

Հայաստանի ազգային պատկերասրահում գործող «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը» ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) համագործակցության շրջանակում և Զարգացման համագործակցության իտալական գործակալության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը» հանդիսավոր բացվել է 2018 թվականի հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: