Հայերեն   English   Русский  

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը


  
դիտումներ: 128

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները քննադատող համատեղ հայտարարությամբ։

Փաստաթուղթը չի ստորագրել միայն ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)։


Ըստ թուրքական կողմի՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ամփոփիչ հայտարարությունում թվարկված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և անընդունելի են։ Նշենք, որ ԵՄ-ն օրեր առաջ հայտարարել էր, որ Միջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերին կատարվող չարտոնված հորատման ու բնական գազի որոնման աշխատանքների համար պատրաստվում է Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառել։

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարել են․ «Խստորեն դատապարտում ենք Կիպրոսի թուրքերի և Թուրքիայի Հանրապետության իրավունքները և շահերը անտեսող և արհամարհող բոլոր նախաձեռնությունները։ Տեղեկացնում ենք, որ ցանկացած պայմաններում դեմ ենք նմանատիպ քաղաքականություն վարող շրջանակների քայլերին»։

Հայտարարությամբ կոչ է արվել Եվրամիությանը նշված խնդրի առումով որդեգրել միջազգային իրավունքի նորմերին չհակասող, արդար և անկողմնակալ դիրքորոշում։ Թուրքական կողմը պնդել է, որ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի կողմից բնական պաշարների որոնողական աշխատանքները տեղին են և իրավաչափ։

«Պետք է բոլորն իմանան, որ Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը չեն խոնարհվելու որևէ ճնշման առաջ և շարունակելու են օգտվել միջազգային իրավունքի շրջանակներում իրենց վերապահված օրինական իրավունքներից», -ասված է հայտարարությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: