Հայերեն   English   Русский  

Դավիթ Գրիգորյանին այսօր հրավիրել ենք ԲԴԽ. Գրիգոր Բեքմեզյան


  
դիտումներ: 57

Այսօր՝ հուլիսի 19-ին, ԲԴԽ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00-ին հանդիպելու են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։

«Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն և խնդրել ենք հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,-ասաց նա։

Բեքմեզյանը նշեց, որ ՀՔԾ-ն Դատական խորհրդին մեկ օր առաջ է ծանուցել, որ դատավորի աշխատասենյակում պետք է քննչական գործողություններ կատարվեն։

«Ոչ մի կապ չեմ տեսնում Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և Քոչարյանի գործը նրա կողմից քննելու հետ: Մենք դեռևս որևէ գործի հետ կապված կապ չենք տեսնում»։

Դիտարկմանը, թե դատավորի աշխատակազմից երեք համակարգիչ և կարևոր փաստաթղթեր են առգրավվել, արդյոք այդ հանգամանքը խոչընդոտ չէ՞ արդարադատության իրականացման համար, Բեքմեզյանը պատասխանեց.

«Իր հետ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը կհայտնենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Գրիգորյանի փաստաբան Գերոգի Մելիքյանը Ankakh.com-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: