Հայերեն   English   Русский  

Չենք կարողացել ձևավորել հասարակակենտրոն քաղաքական մշակույթ. ՀՀԿ պատգամավորը` ներքաղաքական զարգացումների բուն պատճառների մասին


  
դիտումներ: 926

Քաղաքական վերջին զարգացումների բուն պատճառների մասին ԱԺ-ի հայտարարությունների ժամին խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Քաղաքական մշակույթում առանձնացնելով մասնակցային-հասարակակենտրոն և հպատակային-անձակենտրոն ձևեր` պատգամավորը պարզաբանեց դրանք.

Մասնավորապես ըստ նրա` դեմոկրատական համակարգին բնորոշ մասնակցային քաղաքական մշակույթ կրողներն աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ մեծ հետաքրքությամբ, քաղաքական կյանքին ակտիվ մասնակցությամբ: Դեռևս չկայացած դեմոկրատական համակարգին բնորոշ հպատակային մշակույթ կրողները ևս աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ մեծ հետաքրքությամբ, բայց պասիվ մասնակցությամբ:

«Մենք` հայերս, մեծ մասամբ լինելով հպատակային քաղաքական մշակույթի կրող` մինչ օրս չենք կարողացել ձևավորել հասարակակենտրոն քաղաքական մշակույթ` մնալով անձակենտրոնության տիրույթում, որն էլ դարձել է ազգային բնավորության գիծ»,-նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքերով` հայ քաղաքական մշակույթում անձակենտրոնությունը նկատելի է դառում հատկապես քաղաքական էլիտայի շրջանակներում, երբ քաղաքական միավորները ստեղծվում, գործում են անհատների նախաձեռնությամբ և գլխավորությամբ: Արդյունքում` գաղափարական պայքարն իր տեղը զիջում է անձնական և կուսակցական շահերի բախման պայքարին: Իսկ այս գործընթացն ընթանում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շրջանում: Հասարակությունը գտնվում է քաղաքական մշակույթի հպատակային տիպից` մասնակցային տիպին անցման փուլում, իսկ այդ փուլում բախվում են հին մրցակցային-անձնակնտրոն և նոր-համագործակցային մտածողության տիպերը:

ՀՀԿ-ԲՀԿ բախումը պատգամավորը այս տիրույթում է դիտարկում` հիմնավորելով, որ դրա պատճառը մասնակցային և հպատակային քաղաքական մշակույթի պայքարն է:

Ինչու՞ այսօր տեղի ունեցավ այդ բախումը հարցին Վահրամ Մկրտչյանը տալիս է հետևյալ պատասխանը. «ՀՀԿ-ի կողմից սկսված Սահմանադրական բարեփոխումները բացահայտեցին այն խորքային տարբերությունները, որ առկա են քաղաքական սուբյեկտների մեջ հայեցակարգային և աշխարհընկալման մակարդակներում»:

«Սահմանադրական բարեփոխումների մեկնարկմամբ Հայաստանում սկսվում է քաղաքական մշակույթի փոփոխման գործընթաց. արդյուքնում` հայ քաղաքական մշակույթը ենթարկվելու է որակական փոփոխության և անհատակենտրոն մշակույթը կրող քաղաքական էլիտային փոխարինելու է հասարակականտրոն մշակույթը կրող էլիտան: Որոշումները կայացնելու են ոչ թե անհատները, այլ թիմերը, որն էլ դառնալու է Հայաստանի զարգացման կարևորագույն գրավականներից մեկը»,-եզրակացրեց պատգամավորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: