Հայերեն   English   Русский  

Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու պատճառով դրանք կտրամադրվեն սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին


  
դիտումներ: 609

Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի վերաբերյալ:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված` «Հսկիչ- դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների շուկայի ազատականացման նպատակով՝ 2018թ. ձեռնամուխ է եղել իրավական ակտերի փոփոխությունների փաթեթի մշակմանը, որն ուղղված է դյուրացնելու ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու պարզեցնելու ՀԴՄ-ների ներդրման գործընթացը: Մասնավորապես, փոփոխություններ են իրականացվել ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի N 1318-Ն, ՀՀ կառավարության 08.10.2012 թվականի N 1419-Ն և ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-Ն որոշումներում:

Ընդունված փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության կողմից սահմանած պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներդրման գործընթաց կարող է իրականացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ազատականացման ակունքներում կանգնած տնտեսվարող սուբյեկտներին և հավանական այլ ներմուծողներին հնարավորինս սեղմ ժամկետներում ՀՀ կառավարության 08.10.2012թ. N 1419 որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստանալու համար ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներն՝ առկա ավելի քան 9000 հատ ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: