Հայերեն   English   Русский  

ԲԴԽ նիստն ընթանում է դռնբաց. Նախշուն Տավարացյանի միջնորդությունը մերժվեց


  
դիտումներ: 57

ԲԴԽ անդամները քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրին Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով խորհրդի նիստը անցկացնել դռնբաց կարգով։

Նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ էր հանդես եկել Նախշուն Տավարացյանը՝ պատճառաբանելով, որ հարցն առնչվում է իր անձին, սակայն ԲԴԽ–ն մերժեց այն։

ԲԴԽ այսօրվա նիստը հրավիրվել է ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ:

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաեւ իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եվ քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: