Հայերեն   English   Русский  

«Ոսկե ծիրան»-ի տհաճ բույրը


  
դիտումներ: 2198

««Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ։ Ուրիշ բան ես այնտեղ չտեսա։ Մարդկանց խաբելով՝ դահլիճ են տանում ու իրենց կեղտոտ քարոզը կապում։ Ապշելիք է»,-օրեր առաջ իր տպավորություններով կիսվել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Վերջինս պատմել էր, որ գնացել է կինոթատրոն դիտելու «Իմ նոր տարին» ֆիլմը, փոխարենը թուրքական ֆիլմ են հրամցրել՝ նախապես թուրքական բանակի ակտիվ քարոզչությամբ, որից հետո սկսվել է մեկ ուրիշ ֆիլմ, այս անգամ տրանսգենդեր կնոջ մասին։

«Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը»,-գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Այն, որ ԼԳԲՏ համայնքի «իրավունքների» քարոզը հետևողականորեն տարածվում է «նոր Հայաստանում», վաղուց արդեն անզեն աչքով տեսանելի է։ Դրա վկայություններից մեկն էլ «Հասարակության գերին» 18+ ֆիլմն է, որի մասին պատմում է Մելիք-Շահնազարյանը։

Ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է «Արծաթե ծիրան»-ի։

«Ոսկե ծիրանը» միջազգային կինոփառատոն է, փառատոնին կարող է ներկայացվել ցանկացած բովանդակության ֆիլմ, և վստահաբար կարելի է ասել, որ այս տարիների ընթացքում միշտ էլ փորձեր արվել են սեռական փոքրամասնությունների թեմայով ֆիլմեր ներկայացնելու։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ ֆիլմերը նման հաղթարշավ չեն ունեցել։

Հիշենք 2017 թվականը, երբ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային փառատոնը սկանդալային մեկնարկ ունեցավ հենց նմանատիպ ֆիլմերի պատճառով։ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Պատճառը 2 ֆիլմերում արծարծվող ԼԳԲՏ թեմաներն էին։ Ի վերջո փառատոնի մեկնարկից օրեր առաջ ծրագրից հանվեց արտամրցութային «Հայեր. հայացք ներսից և դրսից» խորագրով ծրագիրը, որտեղ ներկայացված 37 ֆիլմերից երկուսում ներառված էին այդ ֆիլմերը:

Այս անգամ, չգիտես ինչու, բողոքի ակցիաներ չեղան։ Տրանսգենդեր կնոջ մասին պատմող ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց կինոթատրոններում, վերջում էլ պատվավոր մրցանակի արժանացավ։

Սակայն նախօրեին արդեն երևույթին արձագանքեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում գրելով։ «Անհնարին ու վիրավորական եմ համարում մնալ մի միության մեջ Հարություն Խաչատրյանի նախագահությամբ։ «Ոսկե ծիրանին մաղթում եմ հետագա «հոտում»»։

Կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Սուրեն Բաբայանը Անկախ-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին տրանսգենդերի ֆիլմի հաջողության հետ կապված՝ ասաց․ «Ես թքել եմ այդ փառատոնի վրա, նույնիսկ չեմ ուզում խոսել»։

Ռեժիսոր, վավերագրող Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այս թեման համաշխարհային թրենդ է, և ինքը սպասում էր, որ այդ խնդիրը մի օր «մեր գլխին էլ կգա»։

«Աշխարհում սա մոդայիկ թեմա է, ողջ աշխարհի մրցույթները ողողված են այս թեմայով։ Եթե ուզում ես փող աշխատել, այս ուղղությամբ պետք է գնաս»,-նկատում է նա։

Անձամբ ինքը՝ ռեժիսորը, սեռական այլ կողմնորոշում ունեցողների վերաբերյալ ունի իր հստակ կարծիքը․ «Սա հիվանդություն է, ինչպես և մյուս հիվանդությունները։ Էդ դեպքում ինչո՞ւ շիզոֆրենիայի մասին ֆիլմեր չեն նկարահանում։ Իսկ գիտե՞ք շիզոֆրենիկներն ինչ հետաքրքիր զգացողություններ ունեն։ Այո, բնության մեջ այդ երևույթը կա, բայց դա պրոպագանդելը, էկրան հանելը հանցագործություն է»։

Գագիկ Հարությունյանը հույս ունի, որ այս ամենը ժամանակավոր է։ «Նմանատիպ երևույթներ, «իզմեր» միշտ էլ եղել են, բայց բնությունն ինքնակարգավորվող հատկություն ունի, ուղղակի չի կարելի բնության հետ խաղալ»։

Ռեժիսոր Գագիկ Ստեփանյանի կարծիքով՝ այսօր հայկական կինոն փրկելու խնդիր կա և ոչ թե փառատոններ կազմակերպելու։ Ինչ վերաբերում է տրանսգենդերի մասին ֆիլմին, ռեժիսորը դրան բացասաբար է վերաբերում, բայց համոզված է, որ եթե հայկական մշակույթն ու ազգային արժեհամակարգը հազարամյակներ շարունակ գոյատևել են, ապա այսօր էլ, վաղն էլ կշարունակեն գոյատևել։

«Մեր մշակույթի, մեր ազգի պահպանության գլխավոր պայմանը հայոց լեզու է։ Եթե մենք լեզու ունենք, մեզ ոչնչացնել հնարավոր չի։ Իսկ նման երևույթների դեմ պայքարելը դժվար է, այդ հարցերը պետականորեն պետք է լուծվեն, բայց երևի թե հիմա նրանք, ովքեր մեր իշխանություններին հովանավորում են, նաև այդ պայմաններն են դնում, և դժվար է այդ ամենի դեմն առնել»։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը, խոսելով վերոնշյալ երևույթների մասին, տեսակետ հայտնեց, որ այսօր Հայաստանն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական կյանքում, և այդ խնդիրները թողած՝ ամբողջ քաղաքական միտքը, հասարակական միտքը ծառայեցնել տրանսգենդերների, «ստամբուլյան կոնվենցիաների» խնդիրների քննարկմանը, մեզ համար մեծ ճոխություն է։

«Վերցնենք նույն Ստամբուլյան կոնվենցիան։ Մի քանի տարի առաջ այդ կոնվենցիան ստորագրվեց, բայց չվավերացվեց, որովհետև ստորագրողները գիտեին, որ դրա վավերացումը տարիներ կտևի, և մենք այդ ընթացքում նաև մեր շատ խնդիրներ կհասցնենք կլուծել։ Բայց հիմա ինչո՞ւ է այդ հարցը բերվել օրակարգ․ այ սա՛ պետք է քննարկել։ Ասում են՝ դրսից ճնշումներ կան։ Ես կարծում եմ, որ ոչ մի ճնշում էլ չկա, պարզապես այդ հարցերը այսօրվա մեր իշխանությունների հետաքրքրության առարկան են»,-կարծում է Գագիկ Մանասյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: