Հայերեն   English   Русский  

Կիպրոսում բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմեցին բաց նամակով` աջակցելու Սփյուռքի համար կենսական նշանակություն ունեցող «Մելգոնեան» վարժարանի վերաբացման համար


  
դիտումներ: 1119

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Պարոն Արարատ Միրզոյանին

Մեծահարգ պարոն Միրզոյան,

Այսօր այստեղ հավաքված յուրաքանչյուր հայի համար խիստ կարևոր, պատասխանատու, բայց նաև հուզառատ օր է. մեր հարազատ «Մելգոնեանի» բակում ընդունում ենք Հայաստանի խորհրդարանից ժամանած պատվիրակությանը և ցանկանում մեր սրտագին շնորհակալությունը հայտնել Ձեզ` այս այցն իրականություն դարձնելու համար:

Դպրոցի փակումից հետո պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող մի շարք հայ պաշտոնյաներ նախընտրել են իրենց գլուխը թաքցնել ավազի մեջ, բայց որքան խորն են փորձել թաքնվել, այնքան դպրոցի խոր արմատներն ավելի լավ են երևացել:

Հարգելի պարոն Միրզոյան,

Այս հավաքին, որը չունի կուսակցական կամ կազմակերպական որևէ ուղղվածություն, իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և Ամերիկայի տարբեր կողմերից ժամանած սրտացավ մելգոնյանցիներ: Մեզ համար դպրոցը եղել է ծնող, որը կրթել է մեզ, առաջնորդել դեպի մեծ կյանք` գիտելիքների խորը պաշարով, և զավակ, որին փայփայել ենք, սիրել և փափագել փոխանցել եկող սերունդներին:

Դժբախտաբար, երբեմն նյութական հետաքրքրություններն ավելի են արժեվորվում, քան ազգանվեր գործը: Սակայն, մարդն անցողիկ է, գործը` մնայուն: Մեր ազնիվ պայքարը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի դեմ է` միտված ամբողջ աշխարհի հայերի համար հզոր կրթօջախը վերաբացելուն: Մենք հավատում ենք, որ խելացի և համաշխարհայնացված հայ երիտասարդներ կրթելու ամենաուղիղ ճանապարհը՝ գործուն և ծաղկուն կրթական հաստատություններ ունենալն է: Մենք հավատում ենք, որ ուժեղ և կենսունակ Սփյուռքը ուժեղ և բարգավաճ Հայրենիքի գրավականն է:

Մենք հավատում ենք, որ Հայրենիքում նախորդ տարի սկսված Հեղափոխությունն իր բժշկող ձեռքերը պիտի ձգի նաև սփյուռքյան կառույցներ, ու թարմություն և նոր մոտեցում բերի տարիներ սառեցված խնդիրներին:

Մենք լիահույս ենք, պարոն Միրզոյան, որ Դուք էլ կմիանաք մեր ազնիվ պայքարին, և Ձեր քայլով վերջապես ծանրության նժարը կթեքվի դեպի մեր կողմը:

Խորին հարգանքով և Ձեզ` մելգոնեանցիների շարքում տեսնելու ակնկալիքով`

մի խումբ մելգոնեանցիներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: