Հայերեն   English   Русский  

Այս տարվա առաջին կիսամյակում ծառայության հետ չկապված ավտովթարից մահացել է 10 զինծառայող,2018-ին ՝6-ն էին մահացել


  
դիտումներ: 286

Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը.

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա:

29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված:
Այսինքն ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով:

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.

• 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),

• 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6),

• 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1),

• 1-ը՝ հիվանդությունից (2),

• 0-ը՝ ականի պայթյունից (1),

• 3-ը՝ սպանության հետևանքով (1),

• 1-ը դժբախտ պատահարից (1),

• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1),

• 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1):

Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ.

• 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),

• 7-ը՝ հիվանդությունից (5),

• 0-ը՝ դժբախտ պատահարներից (1),

• 1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0)։

Որպես հետգրություն նշեմ, որ ավելի վաղ հրապարակվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի զեկույցը զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ, որտեղ որպես ստացված տվյալների պաշտոնական աղբյուր, հղում է կատարվել նաև ՀՀ գլխավոր դատախազությանը: Սակայն խնդրո առարկայի վերաբերյալ գլխավոր դատախազությունը կիսամյակի կտրվածքով դեռևս ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել որևէ սուբյեկտի: Պարոն Արթուր Սաքունցից ստացվել է պաշտոնական հարցում, որին ամենասեղմ ժամկետում կտրվի հարցման էությունից բխող պարզաբանումներով լիարժեք պատասխան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: