Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 116

Այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ

ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է:

«Այսինքն այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է և կարծում եմ՝ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք նախագիծը հնարավորինս շուտ ընդունել: Այս հարցով կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն ՀԿ-ների հետ:Մի անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ: Պետք է հնարավորություն ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովում ունենալ, որպեսզի քաղաքացիները եւս երթեւեկության կոպիտ խախտումները արձանագրելու եւ ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան: Ես տեղյակ եմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը: Պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամք եւ որոշում կա, խնդիրը այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հիմա հատկապես պետք է ճանապարհային երթեւեկության նկատմամբ լինի կրկնակի ու եռակի ավելի մեծ վերահսկողություն. «Հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում եւ հատկապես 2018-2019 թվականներին մեքենաների աննախադեպ աճ է արձանագրվել: Մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, որն իր հերթին բերում է մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետեւյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ ոչ մի հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետեւ խոսքը մարդկանց, մեր երեխաների անվտանգության մասին է»:

Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են նախատեսում ձեռնարկել, ինչին Օսիպյանը պատասխանեց. «2011 թվականին Արցախի փողոցում նմանատիվ վթարից 4 զոհ ունեցանք, երբ վթարի հետեւանքով հրդեհ էր բռնկվել: 2014 թվականին Հոռոմի խաչմերուկի վրա 7 զոհ ունեցանք նույնատիպ վթար-հրդեհով: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր դեպքով, այդ թվում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերով, վթարներով մենք ուսումնասիրություններ ենք անցկացնում:Մենք ֆիզիկապես չենք կարող այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում կոնկրետ վերակարգեր ունենալ:

Վերջին վթարը Զոդի կամուրջի վրա է տեղի ունեցել, որտեղ չի թույլատրվում կայանել կամ վազանց անել: Ես չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ: Բայց ուզում եմ մի փոքր տվյալներ բերել: Վթարները վերջին 10 տարիներին են աճել եւ միտում ունեն աճելու: Դրա հետ մեկտեղ աճում են զոհերի ու վիրավորների թիվը: Օրինակ, 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է 1861 ավտովթար, 150 զոհ, 2736 վիրավոր: 2019-ի նույն ժամանակահատվածում գրացվել է 2203 ՃՏՊ, այսինքն 243 դեպքով ավելի, եւ զոհերի թիվն է աճել 19-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 476-ով»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Բալային համակարգը շատ լավ համակարգ է, որ կարող է փոխել իրավիճակը: Տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, միայն տեղային էֆեկտի»:

Կառավարության նիստի ընթացքում Օսիպյանը նաև հայտարարեց, որ 2017-ին Հայաստան ներկրվել է 38 հազար ավտոմեքենա, 2018-ին՝ 73 562, որից առաջին վեց ամիսներին ներկրվել է 28 954 մեքենա, իսկ 2019-ի առաջին 6 ամիսներին ներկրվել է 54 216 մեքենա, այսինքն արդեն ունենք 25 662 մեքենայով ավելի:

Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների պատճառներից է նաեւ ճանապարհների վատ լուսավորվածությունը, տեխզննության ձեւական բնույթ կրող համակարգը: «Դա կրում է ձեւական բնույթ, կարելի է ասել ընդհանրապես բնույթ չի կրում: Տեխզննում չի իրականացվում: Այսօր մարդիկ ուղղակի փայլեցնում են մեքենաներն արտաքնապես, բայց բոլոր մասերը հնամաշ են: Նախկինում տեխզննումը պարտադիր էր»,-հայտարարեց Օսիպյանը՝ հավելելով, որ օրինակ, Դուբայում եթե անգամ անվադողը իդեալական վիճակում է, բայց ժամկետանց է, չեն թույլատրում օգտագործել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: