Հայերեն   English   Русский  

Տեսչությունը եկել Գյումրու շուկայում մսի վաճառքը արգելել է


  
դիտումներ: 253

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգումներ են անցկացրել Գյումրու կենտրոնական շուկայի տարածքի թարմ մսի վաճառակետերում:

Տեսչական մարմինը Գյումրիում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել՝ սանիտարահիգիենիկ պայմաններից մինչև փաստաթղթավորում:

- Միսը պետք է անասնաբուժի ներկայությամբ մորթվի, տրվի անասնաբուժական համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա նոր միսը պետք է գա շուկա։ Արդեն շուկայում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետներն այդ պահին անեն փորձաքննություն և հասկանան` այդ միսը ենթակա է վաճառքի, թե ոչ: Ուսումնասիրությունը ցույց տվեց՝ Գյումրիում ոչ մի կետում այս շղթան պահպանված չէ, - ասում է տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Գյումրու շուկայում մսի վաճառակետերում չկային ոչ պայմաններ, ոչ սառնարան-ցուցադարակներ, փոխարենը տեսչական մարմինը անզեն աչքով հիվանդ անասունի միս հայտնաբերեց.

- Այսպիսի պայմաններում չի կարելի առևտուր անել: Հենց այս պայմաններն են, որ բերում են տարբեր տեսակի հիվանդությունների ու խնդիրների։ 21-րդ դարում, հակասանիտարական վիճակում միս վաճառել, առնվազն անթույլատրելի է, - ասում է Գ. Ավետիսյանը:

Գյումրու շուկայում միայն միսը չէ, որ հակասանիտարական պայմաններում է վաճառվում, այդ ճակատագիրն են կիսում նաև ձուկը, պանիրը, հացը, տոների նախօրեին և տոնական օրերին, ինչպես օրինակ՝ Ամանորին, թխվածքը:

Այդ վաճառակետերի գործունեությունը պետք է դադարեցվի մինչև նորմալ պայմաններ ապահովվեն, տեսչական մարմնի ղեկավարը նաև նշում է, բայց քանի դեռ այս պայմաններում վաճառվող ապրանքը գնող կա, ուրեմն՝ վաճառող էլ կլինի:
Տեսչական մարմինը հանդիպել ու շուկայում առկա խնդիրները քննարկել է նաև Շիրակի մարզպետի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: