Հայերեն   English   Русский  

«Յունիգրաֆ իքս»-ում պայմանները մի քանի անգամ ավելի լավն էին, քան քաղաքապետարանի ստեղծած ՀՈԱԿ-ում. ավագանու անդամները ահազանգում են


  
դիտումներ: 150

Այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանն այցելել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ։ Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

«Մեզ տարբեր կենդանասերներ խնդրել են այցելել այստեղ, ծանոթանալ պայմաններին, հիմա մենք գտնվում ենք այս շենքում և ինչ-որ բաներ արդեն տեսել ենք»,–նշեց Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ սենյակներում ոչ մի ստանդարտ պահված չէ։

Թեհմինա Վարդանյանը հավելեց՝ նախասրաhում տեղադրված է մի քանի վանդակ, մի վանդակի մեջ 3-4 կենդանի է խցկված, վիրահատարանի պայմանները խայտառակ են, ոչ մի սանիտարական նորմեր չեն կիրառվում, սառնարան չկա, դեղերը կիսահատակին–կիսասեղանին։

Նրա խոսքով՝ ժամանակին այցելել են «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ը և այնտեղ պայմանները մի քանի անգամ ավելի լավն են եղել, քան քաղաքապետարանի ստեղծած ՀՈԱԿ–ում։

Անի Խաչատրյանը իր հերթին նշեց՝ «կարանտինի սենյակ չունեն, դեղերի պահման պահարան դեռ չենք տեսել»։

Ավագանու անդամները ՀՈԱԿ-ից նկարներ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ պայմաններում են պահում շներին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի օգոստոսին միակողմանի լուծարել էր թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը, իսկ քաղաքապետարանի կոմղից ստեղծված Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ը սկսել է աշխատանքը 2019 թվականի մարտին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: