Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը աշխարհում


  
դիտումներ: 674

Շաբաթի ընթացքում եղան երկրաշարժեր աշխարհի տարբեր անկյուններում՝ Ղրղըզստանում Տաջիկստանում, Կանադայի ափերի մոտ, Կալիֆոռնիայում, Խաղաղ օվկիանոսի կղզիներում:

Աղետալի էր ջրհեղեղը Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում, որի հետևանքով 20 մարդ զոհվեց: Տեղատարափ անձրևներից ամենից շատ տուժեց Տուլուն քաղաքը, որտեղ փլուզվել էր ջրամբարի արգելապատը։ Ջրհեղեղի հետևանքով մի քանի հազար տուն հայտնվել է ջրի տակ, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են։ Նաև հրաբխի ժայթքում տեղի ունեցավ Իտալիայի Ստրոմբոլի կղզում, որի հետևանքով մեկ մարդ է մահացել է, ևս մեկը` տուժել:

Նույնիսկ հուլիսի 2-ին արևի ամբողջական խավարում եղավ, որը տեսանելի էր Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածից և Հարավային Ամերիկայի տարածքից: Ողբերգական դեպք տեղի ունեցավ ռուսական տարածքային ջրերում:

Հուլիսի 1-ին գիտահետազոտական սուզանավում հրդեհ բռնկվեց, որի հետևանքով 14 նավաստի զոհվեց:

Բացի տարերային աղետներից, զոհեր և տուժածներ եղան ահաբեկչական պայթյուններից և զինված հակամարտություններից: Աֆղանստանի արևելքում գտնվող Գազնի քաղաքի մզկիթներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 21 մարդ տուժեց, Քաբուլում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասավ 68-ի, Լիբիայի Տաջուրա շրջանում փախստականների ճամբարի ուղղությամբ իրականացված օդային հարվածի հետևանքով առնվազն 40 մարդ զոհվեց: Գազայի հատվածում 30 պաղեստինցի տուժեց Իսրայելի բանակի հետ բախման հետևանքով:

Շաբաթի սկզբում արդեն հայտնի էր, որ երկու գերտերությունների ղեկավարները՝ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են Հելսինկիում հուլիսի 16-ին:

Թամփի խորհրդական ազգային անվտանգության գծով Ջոն Բոլթոնը հասկացրեց, որ չարժի մեծ սպասումներ ունենլ այդ հանդիպումից: Նա հայտարարեց, որ հիանալի կլիներ, եթե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը բեկում առաջացներ հարաբերություններում, սակայն Ամերիկայում առայժմ կարևոր են համարում բուն հանդիպման փաստը:

Ամբողջ շաբաթվա ընթացքում նախկինի պես շարունակվեց Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունը՝ փոխադարձ մեղադրանքներով և սպառնալիքներով: Պաշտոնական այն հայտարարությունից հետո, որ Իրանը գերազանցել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով սահմանված 300 կգ ցածր հարստացված ուրանի պաշարների սահմանը, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը «կրակի հետ է խաղում»: Իսկ Իրանի խորհրդարանի միջուկային հարցերով կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոննուրը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, «Իսրայելն ընդամենը կես ժամ կապրի»:

Սրան գումարվեց առաջացած լարվածությունը Ջիբրալթարի նեղուցում իրանա-բրիտանական միջադեպի հետևանքով, ինչը Միացյալ Նահանգները ցնծությամբ ընդունեց:

Հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիան զավթեց իրանական նավթով բեռնված Grace 1 նավը, որը, ԵՄ պատժամիջոցները խախտելով, Սիրիա էր ուղևորվում: Իրանի ԱԳՆ-ում նշեցին, որ Grace 1 նավթակիրն ընթացել է Պանամայի դրոշի ներքո, և բրիտանական նավատորմի կողմից նավի զավթումը կարող է Պարսից ծոցում լարվածության հանգեցնել:

Կրքերը չհանդարտվեցին նաև հարևան Վրաստանում: Թբիլիսիում շարունակվեցին բողոքի ցույցերը, որոնց գլխավոր պահանջն է ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Իսկ շաբաթի վերջին համընդհանուր քննարկման առարկա դարձավ «Ռուսթավի 2» հեռուստակայանի «P.S» հեղինակային հաղորդման վարող Գեորգի Գաբունիայի վարքագիծը, որը եթերով ռուսերեն հայհոյեց Վլադիմիր Պուտինին: Վրաստանի սոցցանցերի մեծ թվով օգտատերեր մտավախություն հայտնեցին, որ դա էլ ավելի կսրի ռուս-վրացական առանց այն էլ լարված հարաբերությունները: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, դատապարտելով հաղորդավարին, կարծիք հայտնեց, որ նրա վարմունքը ծառայում է «կա՛մ նոր պատերազմի սկզբնավորմանը, կա՛մ անվերջանալի հեղաշրջման ռևանշ է» և ուղղված է Վրաստանի դեմ:

«Հայրենասիրությունն ուրիշ բան է,- ասել է նա,- և երկրի շահերի պաշտպանությունը ագրեսիայով, ապակայունացմամբ և անկարգություններով չի լինում: Մեր ուղին խաղաղ ուղին է, մեր հեռանկարը՝ Եվրոպան, իսկ մեր ուժը՝ կայունությունը»:

Ինչ-որ չափով թուլացավ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած թուրք-ամերիկյան լարվածությունը Ճապոնիայում կայացած Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո։

Շաբաթի սկզբին Եվրահանձնաժողովի ղեկավար Դոնալդ Տուսկը որոշեց դադարեցնել ԵՄ գագաթնաժողովը եվրոպական կառույցների թեկնածուների վերաբերյալ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու համար: Բանակցություններից հետո որոշվեց Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը, Իսպանիայի արտգործնախարար Խոսեպ Բորեյ Ֆոնտելեսն առաջադրվեց Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի թեկնածու, Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լեգարդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ:

Նորակազմ Եվրախորհրդարանը նախագահ ընտրեց իտալացի Դավիդ-Մարիա Սասոլիին:

Մեծ աղմուկ բարձրացրեց Դուբայի շեյխի կնոջ փախուստը: Հորդանանի 45–ամյա արքայադուստր Հայան, որը 69–ամյա շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի վեցերորդ կինն է, փախավ Լոնդոն՝ իր հետ տանելով երկու զավակներին և մոտ 40 միլիոն եվրո:

Հունաստանի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարեց, որ հարգում է ժողովրդի ընտրությունը և շնորհավորեց «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսի հաղթանակը: Ցիպրասը հայտարարեց, որ երկուշաբթի գործերը կհանձնի նոր վարչապետին և հույս հայտնեց, որ «Նոր դեմոկրատիայի» հաղթանակը ռևանշիզմի պատճառ չի դառնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: