Հայերեն   English   Русский  

Ծյան Սինի «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմը Ոսկե ծիրան փառատոնի կինոցանկում է


  
դիտումներ: 4792

Երեկ՝ հուլիսի 7-ին մեկնարկեց Ոսկե ծիրան միջազգային 16-րդ կինոփառատոնը:

Այս տարի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:

Մոնրեալի աշխարհի ֆիլմերի կինոփառատոնում մրցանակի արժանացած չինացի ռեժիսոր Ծյան Սինի 2 ֆիլմերը ևս ներկայացված են կինոփառատոնին: 2019 թվականի արտադրության «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմը պատմում է 1945 թվականին Ճապոնիայի կողմից բռնազավթված հյուսիսարևելյան Չինաստանում ապրող մի ընտանիքի մասին, որ ձգտում է ամեն կերպ շարունակել իր տոհմը պահպանել: Չնայած ֆիլմը սև ու սպիտակ է, ինչպես բովանդակությունը, ռեժիսորը նշում է, որ ֆիլմում երկու հատված կա, որ գունավոր է ու խորհրդանշում է հերոսի պայքարն ու կյանքը շարունակելու ցանկությունը:

Ծյան Սին անդրադառնալով ֆիլմի հերոսուհուն՝ ասում է, որ չնայած այսօր Չինաստանը զարգացվածության բարձր մակարդակի վրա է գտնվում, սակայն մի շարք գյուղերում, որտեղ դեռ գերակշռում են ավանդական բարքերը, շարունակում են կանանց նսեմացնել ու նրանց դերը չգնահատել հասարակության մեջ:

Խոսելով Չինաստանում կինոարտադրության ներկա վիճակի մասին՝ ռեժիսորը նշում է, որ վերջին 10 տարվա ընթացքում այն զարգացում է ապրում:

«Կոմերցիոն ֆիլմերը ստանում են պետական աջակցություն, սակայն ինդիվիդուալ, ավելի արտիստիկ ու գեղարվեստական ֆիլմերը դժվարությամբ են ընդունվում հասարակության կողմից, ու սա է պատճառը, որ ֆիլմարտադության ոլորտում դեռ խնդիրներ ու անելիքներ կան»,-ասում է Ծյան Սին:

Նրա և մի շարք այլ արտասահմանցի ու հայ ռեժիսորների ֆիլմերը հայ հանդիսատեսը մեկ շաբաթ շարունակ հնարավորություն կունենա վայելել Մոսկվա կինոթատրոնում:

Նշենք, որ Ոսկե ծիրան կինոփառատոնն այս տարի ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: