Հայերեն   English   Русский  

Վստահ եմ Արարատ Միրզոյանի բարոյականությունը կհերիքի հերքելու իր թիմակիցների հայտարարությունները. Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 81

«Անցած շաբաթ Հայաստանի քարոզչական դաշտը ողողվեց վերնագրերով, որոնք վերաբերում էին աննախադեպ որակվող քաղաքական հաջողություններին, խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին տեղի ունեցող իրադարձություններին, հայկական պատվիրակության ակտիվությանը, և զարմանալի կլիներ, եթե կատարվածի հետ կապված իմ դիտարկումները ձեզ հետ չկիսեի»,-

այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ շատ ուրախ է, որ հայկական պատվիրակությունը Լյուքսեմբուրգում կարողացել է խնդիրներ հարթել, և թեպետ դեռ վերջնական որոշում չկա, բանաձևերն իրենց վերջնական տեսքով Վեհաժողովի կողմից դեռ ընդունված չեն, բայց, ըստ պատվիրակության, կարող ենք ասել, որ հիմնական վտանգները չեզոքացված են։

Սակայն ՀՀԿ փոխխոսնակը կարծում է, որ, եթե իշխանությունների քարոզչամեքենան այս աշխատանքը որակում է աննախադեպ, առնվազն ազնիվ չի վարվում հասարակության և քաղաքական կենսափորձ ունեցող ու աշխատանք կատարած մարդկանց նկատմամբ, որովհետև Լյուքսեմբուրգում միացյալ ջանքերով չեզոքացվել են այն վտանգները, որոնք կարող էին և չլինել այդ բանաձևերի մեջ։

«Շատ ավելի ուժեղ բանաձևեր ընդունվել են խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ վերջին տարիներին՝ մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, և որևէ մեկի մտքով չէր անցնում այդ ամենը փաթեթավորել ճռճռան թղթերի մեջ և ժողովրդին մատուցել՝ որպես աննախադեպ հաջողություն։ Որևէ աննախադեպ բան տեղի չի ունեցել»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Վերջինս նշեց, որ այս ֆոնի վրա բարոյական չեն որոշ խորհրդարանականների ակնարկներն այն մասին, որ նրանք հերոսաբար պայքարել են նախորդ իշխանությունների կողմից բացթողումներով կատարված աշխատանքների արդյունքում ձևավորված պրոբլեմների դեմ։ Սա նույնպես ազնիվ մոտեցում չէ, որովհետև նախորդ Խորհրդարանը իրենից հետո թողել է կատարված մեծ աշխատանք ու աննախադեպ ձեռքբերումներ։

Ա. Աշոտյանը նոր իշխանություններին կոչ արեց իրենց անհաջողությունների պատճառները նախորդների մեջ չփնտրել, հատկապես, որ բազմաթիվ և մանավանդ այս դեպքով առնվազն ստում են։

«Եթե ինձ չեք հավատում, ապա նույն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում նախորդ հայկական պատվիրակության աշխատանքների հետ կապված՝ ճղճիմ և ոչ ազնիվ գնահատականները որ տալիս եք, ճշտեք դրանց իսկությունը, օրինակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որովհետև նա 2017թ-ից եղել է ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության կազմում։ Եվ երբ քննադատում եք նախորդների աշխատանքը, հիշեք, որ այնտեղ մարդ ունեիք»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, չնայած չի հիշում, որ նա երբևէ այնտեղ ելույթ ունեցած լիներ, բայց ականատեսն այդ աշխատանքների եղել է, և ինքը վստահ է՝ նրա բարոյականությունը կհերիքի հերքելու իր թիմակիցների հայտարարությունները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: