Հայերեն   English   Русский  

​«Արի՛ Հայաստան և հայ ապրիր առանց ջանք թափելու․․․»


  
դիտումներ: 3124

Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։

***

Ինչպես լիբանանահայ երիտասարդների մեծամասնությունը, Սևակի համար նույնպես Հայաստանը երազանք էր, որով սնվում, դաստիարակվում էին ընտանիքում ու համայնքում` սպասելով, թե երբ են ոտք դնելու հայրենիք։

1994 թվականին Սևակն առաջին անգամ գալիս է Հայաստան։ Իբրև Լիբանանի ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ՝ եկել էր մասնակցելու պատերազմից հետո Արցախում վերակառուցման շինարարական աշխատանքներին։

Հիշում է՝ Հայաստան եկավ Իրանից, որի հետ սահմանը ձգվում էր Արաքս գետի երկայնքով։ Չէր համբերում, թե երբ է տեսնելու Արաքսը։ Որոշել էր, որ օրագիր կպահի և գրառումներ կանի հավերժացնելու զգացմունքային պահերը։ Տեսնելուն պես գրում է․ «Մայր Արաքսի ափերով․․․» ու այլևս չի շարունակում։ Զգացածն ավելին էր, քան կարող էր հանձնել թղթին։ Իսկ օրագիրն՝ այդ երեք բառով, պահում է մինչ օրս։

«Հիշում եմ՝ Արաքսն այդ օրը փրփրած ու ալեկոծ էր։ Նաև հիշում եմ սահմանին հանդիպած առաջին հայ զինվորին, անունը Տիգրան Պետրոսյան էր»։

Առաջին այցը տպավորիչ էր՝ չնայած պատերազմի հետևանքներին, մթին ու ցրտին: Հաջորդ այցը 1997-ին էր։ Այդ անգամ ծնողներին էլ էր բերել, որոնք ոչ մի անգամ Հայաստանում չէին եղել։ Մայրն ամենաշատը տպավորվել էր Նորատուսի միջնադարյան գերեզմանատեղիով, որտեղ 9-17-րդ դարերի խաչքար-գերեզմանաքարեր կան։ Պատմում է, որ վերադառնալով Լիբանան՝ մայրը բոլորին հորդորել է անպայման գնալ Հայաստան, ասել է՝ Հայաստանը միակ տեղն է, որտեղ գերեզմանդ երբեք չես կորցնի։ Հաջորդ տարի մայրը կյանքից հեռացել է, ավելի ուշ մահացել է նաև հայրը։ Սևակի երազանքն է ծնողների աճյունները կամ նրանցից որևէ մասունք տեղափոխել Հայաստան, որպեսզի, ինչպես մայրն էր ասում, գերեզմանը երբեք չկորչի։

Սևակ Տումանյան

Սևակը 2 որդի, մեկ դուստր ունի՝ Վարագը, Վասակն ու Վանեն։ Խոստովանում է, որ Հայաստան տեղափոխվելու գլխավոր պատճառներից մեկն էլ երեխաների ուսումն էր։ Լիբանանում երեխաները հայկական դպրոց էին հաճախում, բայց կրկնակի ծանրաբեռնված էին, քանի որ ստիպված էին և՛ հայկական ծրագրերը սովորել, և՛ արաբական։

Դեռ եկած օրվանից դիմել և Հայաստանի քաղաքացիություն են ստացել։ Շատերը արու զավակների համար Հայաստանի անձնագիր չեն ստանում։ Պատճառը հավանաբար բանակից խուսափելն է։ Սևակը զարմանում է, որ մարդիկ կարող են անգամ մտածել որդիներին զինվորական ծառայությունից ազատելու մասին։ «Դա արժանապատվության հարց է»,-ասում է։

Սևակ Տումանյան

Լիբանանում Սևակը հաջողակ դիզայներ էր, լավ վաստակում էր, ապահով ապրում։

Հայաստան մշտական վերադառնալու միտքը տալիս է կինը։ Երբ որոշում են տեղափոխվել, Սևակը նույնիսկ չգիտեր՝ արդյո՞ք այստեղ կարող է նույն գործով զբաղվել և նույնքան բարեկեցիկ կյանք ապահովել։ Բայց քանի որ խնդիրը նախևառաջ հայրենադարձությունն էր, վերադառնում են առանց երկար-բարակ մտածելու։

Առաջին ամիսներին գործ չկար։ Շուկան իր համար նոր էր, ինքն էլ հայաստանյան ոսկերչության բնագավառում էր նորեկ։ Սկսում է ժամանակակից 3D ոսկերչական դիզայնի քանդակային ծրագրերը զարգացնել, որն էլ ապահովում է նրա հաջողությունների մեկնարկը։ Այսօր արդեն Սևակին դիմում են աշխարհի ամենատարբեր ծայրերից։

Ի դեպ, Սևակ Տումանյանի դիզայնով պատրաստված թանկարժեք մի զարդ էլ կրում է ամերիկացի հայտնի ռեփեր 21 Savage-ը։ Ռեփերի ընկերուհին նրա դեմքով ոսկյա կախազարդ է պատվիրել, որի վրա շուրջ 7 հազար ադամանդ կա։ Կախազարդի վերջնական արժեքը կազմել է մոտ 300 հազար դոլար։

Սևակ Տումանյան

Եթե Սևակը Լիբանանից տեղափոխվեր ոչ թե Հայաստան, այլ շատերի պես նախընտրեր Միացյալ նահանգները, մասնագիտության շնորհիվ գուցե տասնյակ անգամ ավելի շատ գումար վաստակեր։ Բայց նա ոչ մի վայրկյան չի փոշմանել որոշման համար։ Ասում է՝ այստեղ էլ է գործը լավ, ու եթե 24 ժամ էլ աշխատի, նորից չի հասցնի պատվերները կատարել։ Փոխարենը նախընտրում է աշխատել այնքան, որ կարողանա վայելել կյանքը հայրենիքում։

«Ես մեղադրում եմ Սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր անընդհատ հայրենասիրությունից են խոսում, բայց Հայաստան տեղափոխվելու փոխարեն նախընտրում են գնալ այլ երկրներ։ Ամերիկա գնացողը գրպանը դատարկ չի գնում, առնվազն 50-100 հազար դոլարով է գնում։ Եթե այդ գումարն այստեղ բերի, հաստատ կարող է մի բան սկսել»։

Ո՞րն է Սևակի համար Հայաստանի ամենամեծ առավելությունը։ «Հայաստանը միակ երկիրն է, որտեղ երեխադ ոչ միայն հայ կմնա, այլև կլինի ապահով ու անվտանգ։ Հողիդ վրա հայ մնալու տագնապն ու մտահոգությունը չունես ու եթե դրսում պիտի ջանք թափես, որ հայ ապրես, ուրեմն արի Հայաստան և հայ ապրիր՝ առանց ջանք թափելու․․․»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: